Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց դժուար է ազատուել պատմութեան դատաստանից, եթէ յաջողութեամբ չի պսակւում նա և մասսայական կարճատև ոգևորութիւնից յետոյ իր ծանր թևերն է տարածում լքումն ու յուսաբեկութիւնը։ Դատապարտելի գործելակերպ է մասսայի բնազդների հետ անհաշիւ խաղեր սարքելը։ Այդ քաղաքականութիւնը զգաստ քաղաքացի չի դաստիարակում, այլ գլխակորոյս ամբոխ, որ գիտէ հարկ տալ վաղանցուկ ոգևորութեան, ապա նորից ընկղմել անտարբերութեան գիրկը։ Արդեօք այսպէս չեղաւ, երբ «փորձութեան ժամը» բաղխեց հայութեան դուռը։

Դարեր շարունակ հայութեան առաջաւոր գլուխները երազել են ազգային կենտրոնի մասին։ Վերջին մի քանի տասնեակ տարիներում, սխալ թէ ուղիղ, ազգահաւաքման կենտրոն նկատուեց Թիւրքահայաստանը: Այդ քաղաքական ծրագրի առաջադրումից յետոյ հայութեան հասարակական եռանդի խոշորագոյն մասը նուիրաբերուեց նրա իրագործմանը: Ազգային կենտրոնի տենչը արդէն հինօրեայ երևոյթ էր հայերի մէջ. այդ տենչը տոգորեց նաև մեր ժողովրդի խոնարհ խաւերը, երբ նա անկաշկանդ զարգացման հնարաւորութիւնից զուրկ տեսաւ իրան, երբ պետական քաղաքականութիւնը դէպի մանր ազգերի ինքնուրոյնութիւնը ստացաւ յոռի կերպարանք: Խոստովանենք բարձրաբարբառ, որ թիւրքահայերի ազատագրման ծրագիրը, այսինքն հարազատ անկիւնի գաղափարը, աւելի շատ ժողովրդական ապրումի առարկայ եղաւ, քան հայ ունևոր դասակարգի ցանկութիւն, ինչպէս այդ սիրում են ասել գռեհիկ մտածողները։ Եւ դա հասկանալի է մեր ժողովուրդը իր մեծամասնութեամբ գիւղացի է, այսինքն այնպիսի սոցիալական զանգուած, որ չի կարող հեղինակութեան պաշտող չը լինել կամ հարազատ հովանաւորի կարօտը չըզգալ: Ահա այդ ժողովրդին մատչելի և ընդունելի գաղափար էր, երբ նրան ասում էին, որ Թիւրքահայաստանը կարող է դառնալ «Աւետեաց երկիր», այն անկիւնը, ուր չի բռնադատուի նրա հոգին և կը խնայուի նրա ֆիզիքականը։

Մտայնութեան, սպասումի ու յուսացումի այս մթնոլորտն էր տիրում, երբ ծագեց համաշխարհային պատերազմը։ Երևոյթն ու իրար յաջորդող դէպքերը շատ էին վիթխարի ու սասանեցուցիչ։ Փլւում էին ոչ միայն անյողդողդ համարուած հասկացողութիւններ ու դաւանանքներ, այլ ամբողջ պետութիւններ ու երկիրներ։ Հայութիւնը պէտք է վերաբերմունքի գիծ մշակէր: Դրութիւնն այնպէս Էր, որ նրա քաղաքական իդէալը Թիւրքահայաստանում աւելի ցայտուն գոյն էր ստացել և իր գրաւչութեամբ տեղահան արել շատ շատերի մտքերը, ստեղծել տարերային շարժման մթնոլորտ: Նման պայմաններում խօսքն ու առաջնորդութիւնը վերապահուած էր նրանց, որոնք ստանձնել էին ազգը ներկայացնելու պատիւը, իսկ գործն ու յոգնութիւնը բուն ժողովրդին, այն ժողովրդին, որ հովանաւորութիւն էր փնտրում, ձեռներէց ու ինքնագործ չէր: Այստեղ կարող էր լինել երկու քաղաքականութիւն. գիտակցուած ու կշռադատուած գործ, որը նկատի ունի իր և հակառակորդի ոյժերի չափը, կամ տարերքի տիրապետութիւն, երբ ղեկավարը ինքն էլ տոգորւում է մասսայի ապրումներով, ձուլւում է նրա հետ, թև ու թիկունք դառնում նրա անձև ապրումներին և գլխակորոյս նետւում քաղաքական ջրապտոյտի խորքը: Հայութեան քաղաքական իմաստութիւնը ընթացաւ վերջին գծով։