Ազգի ղեկավար համարուած խմբակցութիւններն ու անհատները աւելի խելք ու հեռատեսութիւն չը ցուցահանեցին, քան փարել ժողովրդական բնազդին և ընդգծել իրանց անհատական արժանիքները նրա հեղինակութեան գերի մտաւոր թափառումների հորիզոնում։ Հայութեան այդ առաջնորդները եթէ անկարող էին կշռել ու չափել ընդհարուող ոյժերի խոշորութիւնը, գոնէ պիտի շնորհք ունենային ըմբռնելու հարազատ ազգի հաւաքական զօրութեան թուլութիւնը, նրա ցրուածութիւնը, նրա գոյութեան տարբեր պայմանները տարբեր պետականութիւնների ծոցում և տարբեր ժողովրդների հարևանութեան մէջ: Բայց նման կշռադատ վերաբերմունք տեղի չունեցաւ. տիրապետեց տարերքը, որ եթէ վիթխարի լինէր քանանակով, գուցէ շահէր, բայց քանի որ դա տարերքն էր հայութեան, այսինքն մի սակաւարիւն ազգի տարերք, ապա ոչ միայն չը շահեց, այլ չարաչար տուժեց։ Դաւիթն իր պարսաքարով դուրս եկաւ Գողիաթի դէմ, բայց հին առասպելն այնպէս չը կատարուեց, ինչպէս պատմուած է սրբազան գրքի մէջ: Արդիւնքը հրապարակի վրայ է. հայութիւնը մատնուած է բնաջնջման վտանգին։
Ասում են, դեռ չի հասել պատասխանատուներ որոնելու ժամանակը։ Հաշտուենք այդ առարկութեան հետ, բայց գոնէ իմանանք, որ քաղաքական իմաստութիւն չէ ամեն անգամ և ամեն պարագայում հարկ տալ տարերքին, կուրօրէն խունկ ծխել մասսայի բնազդին։ Քաղաքական իմաստութիւն է գիտակցական ու նպատակայարմար դարձնել մասսայի շարժումը, նրա ապրումները, այլ ոչ թէ ընթանալ նուազագոյն դիմադրութեան գծով։ Ով միշտ կուրծք է ծեծում ժողովրդի անունով և իր սխալներն էլ կամենում է քօղարկել նրանով, թէ հարկը պահանջած ժամին նա եղել է ժողովրդի հետ, այդպիսին պիտի իմանայ, որ ժողովուրդը անպարտ է իր սխալների հանդէպ, որովհետև ժողովրդին արդարացնում է իր անգիտութիւնը, բայց անպարտ չէ նա, ով ընտրելու և ջոկելու հնարաւորութիւն ունի, ով առաջնորդի պատասխանատու ղեկն է ստանձնում։
Այժմ մեր դրութիւնը նման է Աւետարանի ծանր հիւանդի դրութեան։ 38 տարի այդ հիւանդն ընկած էր Պրորատիկէ աւազանի մօտ, սպասում էր ջրերի յուղման և փափագում ոգտուել բուժարար ջրերից։ Սակայն իջնում էր հրեշտակը, յուղում ջրերը և հիւանդներից ով նեցուկ ունէր, կարողանում էր պահանջուած վայրկեանին իջնել աւազան ու ապաքինուել, իսկ անտիրական հիւանդը մնում էր նոյն սպասողական ու հիւանդագին վիճակում: 38 տարուայ ապարդիւն սպասումից յետոյ եկաւ Փրկիչը և արտասանեց Իր փրկարար խոսքը. «Արի՛, առ զմահիճս քո և գնա»:
38 տարի է, որ հայութիւնն էլ փրկարար գործի կարոտ՝ մաշում է ուժեղների շեմքը։ Փրկարար գործի նշոյլ նա չի տեսել, բայց յուսացումի ու ոգորման ճամբին վատնել է իր ազգային կորովը, իր զաւակների արիւնը, նրանց եռանդն ու ոգևորությունը: Եւ 38 տարուց յետոյ նա իրօք մխիթարութեան ու կարեկցութեան կարոտ մի անդամալոյծ է և չը գիտէ, թէ պիտի հնչի՞ արդեօք փրկարար խօսքը. «Արի՛, առ զմահիճս քո և երթ ի տուն քո»։
Թողնենք նրանց, որոնք ուժեղ են, գիտեն պատրանքներ ստեղծել թոյլերի համար և իրանց շահին զոհաբերել նրանց եռանդն ու նիւթականը։ Խորհենք