Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործունէութեան ամեն մի ծրագիր և ազատագրական ձգտումների ամեն մի իդէալ հիմնաւորուել ու քարոզուել են երեւակայօրեն, ենթադրաբար ու նմանողաբար, աւելի շուտ պատմական շաբլոն նախադրեալներով և կանխամտածութեամբ, քան իրական-փաստացի տուեալներով, տիրող դրութեան առանձնայատուկ մոմենտների խորազննին ուսումնասիրութեամբ։

Ուշադրութեան արժանի է այն հանգամանքը, որ մեր հասարակական մտաւորականութեան անցեալ սերնդի մէջ եղել են նոյնիսկ այնպիսի կարկառուն դէմքեր, որոնք թէև իրենց կրթական պատրաստութեամբ (մասնագիտութեամբ) շատ մօտ կանգնած են եղել շոշափելի իրականութեան րէալ արժէքներին, այնուամենայնիւ հասարակական կեանքի մէջ նրանք ոչ մի մնայուն դոկումենտով չեն արտայայտել ու յիշատակաւորել իրանց մասնագիտութիւնը։ Կան երեք դէմքեր, որոնցից իւրաքանչիւրը իր սահմանում և իր ուղղութեան մէջ խոշոր դեր է խաղացել և կենտրոնական տեղ գրաւել հայ հրապարակախօսութեան մէջ (անցեալ դարի 70 9Օ-ական թուականներին)։ Դրանք են Գրիգոր Արծրունին, Սպանդար Սպանդարեանը և Աւետիք Արասխանեանը։ Երեքն էլ տնտեսագէտներ արտասահմանեան կրթութեամբ։ Երեքն էլ ունեցել են իրենց սեփական օրգանները տարիներ շարունակ և համախմբել են իրենց շուրջը հասարակական մտաւորականութիւնից բազմաթիւ ուժեր։ Բայց երեքն էլ իրենց գործունէութեան եղանակով ունեցել են միևնոյն վիճակը։

Եթէ չը հաշուենք թիւրքահայերի տնտեսական դրութեան մասին գրած իր սկզբնական ակադեմիական վտիտ գրքոյկը (իբրեւ դիսերտացիա), տնտեսագէտ Արծրունին իր ողջ գործունէութեան ընթացքում չը տուեց կովկասեան կամ կովկասահայ կեանքի վերաբերեալ ոչ մի տնտեսական կամ գէթ ազգաբնակչական ուսումնասիրութեան փորձ։ Հայ ժողովրդի աոաջադիմութեան և լուսաւորութեան գլխաւոր պայմանները որոնեց նա եկեղեցական և կրթական-դպրոցական հաստատութիւնները լիբերալ րէֆորմների ենթարկելու մէջ։

Թէև տարբեր ուղղութեամբ, բայց նոյն ընդհանուր կանվայի վրայ գործեցին նաև տնտեսագէտներ Սպանդարեանը և Արասխանեանը։ Հիմնուելով վերացական սկզբունքների վրայ, նրանք յախուռն ընդհանրացումներ են արել այն ժողովրդի կուլտուրական կարիքների մասին, որի ոչ մի հասարակական կաթեգորիայի իրական կացութեան վերաբերեալ չեն ունեցել նրանք որևէ փաստական տուեալներ։

Եթէ մեր պիոներները երբևիցէ արտայայտուել են հայ գիւղացիութեան կամ առհասարակ աշխատաւոր ժողովրդի մասին, ապա այդ եղել է այն մեծ ցաւն ու հոգսը, որ նա խարխափում է խաւարի մէջ, տգէտ է եւ նախապաշարալից, հետևապէս պէտք է կրթութիւն ու լուսաւորութիւն տարածել նրա մէջ։ Իսկ ինչպէս է գիւղացիութեան տնտեսական կենցաղակերպը, սոցիալական դրութիւնը, հողային եւ քաղաքացիական իրաւունքների պայմանները, գիւղացիութիւնը, որպէս հարկատու եւ սպառող ազգաբնակութիւն եւ այլն, այդ կարդինալ հարցերը ոչ միայն չեն ուսումնասիրուել և քննուել իրենց ծաւալի եւ խորութեան սահմաններում, այլ և չեն արծարծուել գէթ հրապարակախօսական պոստուլատների եղանակով։ Ֆրանսիայի ցորենի առևտրի մասին աւարտման դիսերտացիա գրող տնտեսագէտ Ա. Արախանեանը