դէպի որը խստապահանջ լինելու աւելի մեծ իրաւունք ունենք, երբէք ուսումնասիրական որևէ լուրջ փորձ չարեց մեր ծայրերկրի գիւղատնտեսութեան կամ գէթ հայ երկրագործութեան բազմաթիւ հարցերից մէկն ու մէկի մասին։ Տնտեսական ուսումնասիրութեան փոխարէն տնտեսագէտ Արասխանեանը տուեց մեզ պատմութեան ձեռնարկ արևելեան ժողովուրդների մասին, այսինքն մի աշխատութիւն, որ կարելի էր և չը գրել, այնքան առատ են նման ձեռնարկները օտար լեզուներով և աւելի ձեռնհաս մասնագէտների հեղինակութեամբ։
Ահա այսքան անպտուղ են եղել հայ նացիոնալ-կոնսերվատիզմի և նացիոնալ–լիբերալիզմի նախկին պիոներները մեր երկրի ու ժողովրդի իրական գոյութեան կենսական պայմանները ուսումնասիրելու եւ քննականօրեն ճանաչելու գործում։
Տարաբախտաբար նոյն շաւղով ընթացաւ նաև մեր ժամանակակից մտաւորականութեան հսկայական մեծամասնութիւնը՝ այսպէս անուանուած հայ նացիոնալ-դեմոկրատիզմի ներկայացուցիչները՝ համախմբուած մեր կեանքում տիրապետող յայտնի կուսակցութեան շուրջը։
Այստեղ մեր խնդիրը չէ ուրուագծել նացիոնալ-դեմոկրատ խմբակցութեան ոչ տեսականը և ոչ գործնականը։ Կուզենայինք միայն շեշտել, որ այս կուսակցութեան դրօշակի տակ խմբուած հասարակական–գրական գործիչները նոյնքան ամուլ ու անպտուղ կեանք ունեցան մեր շօշափած հարցերի տեսակէտից, որքան նախկին պիոներները։
Ռուսահայ մտաւորականութեան խոշորագոյն մասը, կազմակերպուած այդ խմբակցութեան բանակում, չը տուեց գէթ նւազագոյն արդիւնքներ՝ քիչ թէ շատ մնայուն, պիտանի արժէքներ ունեցող։ Եւ 25 տարուայ ձիգ տևողութեան ընթացքում նացիոնալ-դեմոկրատների մատակարարած մտաւոր արտադրութիւնները ուրիշ բան չէին, բայց եթէ վառ իլլիւզիաների եւ մարած յոյսերի մի գրականութիւն։
Մեր երկրի և ժողովրդական կեանքի ուսումնասիրութեան գործը շատ քիչ է պարտական հայ նացիոնալիստական խմբակցութեան մտաւոր գործիչներին, որոնց ստեղծած գրականութեան մէջ միակ երջանիկ բացառութիւնը հանգուցեալ Ս. Զաւարեանի յայտնի աշխատութիւնն է։
‖
Այսպէս, դէպի որ կողմը նայում ես, նոյն անմխիթար վիճակը։
Մեր մէջ հասարական մտքի ներկայացուցիչները դեռ չեն հրահանգուել իրերի և երևոյթների օբիեկտիւ-փաստական ուսումնասիրութեան ու վերլուծութեան բովի մէջ. մեր մէջ չի յարգւում ու կիրառւում sine ira et studio սկզբունքը, գիտական լրջութեան կշռաչափեր չեն գործադրւում մեր մէջ տնտեսական փաստերի, հասարակական իրողութիւնների և պատմական երեւոյթների խորքը թափանցելու համար։ (Նկատողութիւնս ունի ընդհանուր նշանակութիւն և չի վերաբերում բացառիկ անհատների)։ Տիրող ուղղութիւնը դեռ ևս նոյն րոմանտիքականն է. հնչուող տոնը նոյն սենտիմենտալ, հիւանդագին-ջղաձգային մելանխոլիան։ Մեր մէջ հասարակական հարցերն ու երևոյթները չեն քննւում, դատւում ու փաստաբանւում