Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ բանաստեղծում, վիպասանում ու շարականում են։ Ծեծուած ու լքուած իրականութեան տխուր բացասականութիւնը քօղարկւում է սիրամարգի փետուրներով և փաստօրէն արդէն յուսախաբուած ժողովրդի առաջ բաղխում են նոր իլլիւզիաների անյայտ դռներ։

Հրապարակախօսական-գրական այդ վատ ու վնասակար շկոլան դաստիարակել է նաև համապատասխան ուղղութեամբ ընթերցող հասարակութիւն։ Ստեղծուել է մտաւոր պահանջի, հոգեկան կարիքի ու ճաշակի մի սնանկ ու անբովանդակ վիճակ։ Հայ ընթերցողներին տուէք գրական թխուածներ՝ ոտանաւորներ, վէպեր, զաւեշտական վոդեւիլներ ու օպերետներ, «Արեան ձայներ»֊ի նման կրքագրգիռ փթրանքներ, նրանք սիրով կը սպառեն գրական շուկան։ Բայց փորձեցէք աոաջարկել նրանց պատմական տեսութիւններ, գրական արժէքաւոր քննադատութիւններ, ժողովրդի գոյութեան պայմանների, ազգաբնակչական փոխ-յարաբերութիւնների և կամ քաղաքացիական իրաւունքների մասին մի լրջմիտ գրուածք, տուէք նրանց հայկական գաւառների մասին կենցաղագրական, տեղագրական ու ազգագրական կամ հողային պայմանների վերաբերեալ մի տնտեսական ուսումնասիրութիւն, և կը տեսնէք որ հայ ընթերցողը խուսափում է այդպիսի գրուածքներից, մանաւանդ եթէ չոր թուերի աղիւսակներ, ձանձրալի տոկոսներ կան գրուածքի մէջ։ Կիսակիրթը գլուխ չունի, իսկ բարձր ցենզաւորը ժամանակ չունի նման երկերի ընթերցանութեան համար։ Տուէք նրանց ժամանակի և տարածութեան սահմաններից դուրս թեթև ժանրի փշրանքներ, հրաւիրեցէք նրանց ցիրկային պարահանդէսների, օպերետային զաւեշտների վուլգար տեսարանների... Այդպիսի հաճոյքների համար «խելօք ու հաշուով» հայը ունի եւ գլուխ, և ժամանակ։ Եւ ամբոխացած թամաշաչիներին ըստ հարկին բաւականութիւն տալու համար հայ գրողը պիտի դառնայ խեղկատակ, արտիստը՝ կլօուն։ Քի՞չ կան միթէ մեր մէջ անհատներ, որոնք այնքան հեշտութեամբ զոհ են գնում գայթակղութեան քարին...

Տեղից վերկացողը փորձում է իր գրիչն ու բաղդը ոտանաւորի, պատմուածքի, վէպի կամ դրամայի վրայ. ապաշնորհ ու անպէտք արտադրութիւնների աւելորդ կուտակումներ են դիզւում զամբիւղում օրն ի բուն, որոնց մասին կարող են վկայել հայ թերթերի խմբագրութիւնները և դրամատիքական ընկերութեան մրցանակաբաշխութեան յանձնաժողովը։ Որքա՜ն թուղթ է մրոտւում, որքան պարապ ոյժ ու ժամանակ է վատնւում։ Որքա՜ն տխմար փիլիսոփայութիւններ և խակմիտ բարոյական պատգամներ են քարոզում, օրինակ, հայ թերթերի գաւառական թղթակիցները։ Փոխանակ իրական ճշտութեամբ նկարագրելու տեղական կեանքի մերկ փաստերը և կատարուող կարևոր դէպքերը, նրանք երկար ու բարակ անհամ բացատրութիւններ են տալիս ու դատողութիւններ են անում այս կամ այն դէպքի շուրջը։

Որ կողմը նայում ես, նոյն անմխիթար պատկերը. ճառեր, դատարկ դատողութիւններ, վէճեր, ժողովներ, նախագիծներ ու ծրագիրներ՝ որքան կուզէք. խանդավառ ոգևորութիւն, զոհաբերութեան պատրաստակամութիւն, վարդագոյն յոյսեր, օդային ապարանքներ խելացնոր աստիճանի։ Բայց ահա յանկարծ՝ բեկբեկուած յոյսեր, փշրուած ծրագիրներ, պատիր երազներ, խուլ տխրութիւնն ու մռայլ թախիծը տիրում են ամենուրեք. վհատ ու լքուած