Ատոմ Ատոմեանը[1] (և ուրիշները) աշխատակցում էր «Նոր-Դարին»։ Թիֆլիսի յիշած երկու թերթերի բանակռիւները ազդում էին և աշակերտներիս վրայ։ Իդէպ է ասել, որ Լազարեան ճեմարանը բոլորովին մուտք չունէր ռուս յեղափոխականների պրոպագանդան, որը համալսարանական քաղաքներում տարածւում էր ուսանողութեան մէջ. մինչդեռ գաւառներում, օրինակ Թիֆլիսում, ուր բարձր դասարանների գիմնազիստները, ասում են, «ուսանողների» դեր էին կատարում բարձրագոյն ուսումնարաններ չը լինելու պատճառով, այդ պրոպագանդան բաւական տարածուած է եղել, զանազան շրջաններ են եղել, որոնց մէջ «Նարոդովոլցիները» և «Չերնոպերեդելցիները» յաջողութիւն են ունեցել։ Ճեմարանցիներս այդ կողմից ներկայացնում էինք tabula rasa, կուսական հող։ Այն ժամանակուայ մեր աշխարհահայեցողութիւնը բնորոշելու համար աւելորդ չեմ համարում յիշատակել մի մանրամասնութիւն։
Ես ունէի մի ռուս ընկեր T. ազգանունով. նա կապեր ունեցող մի ունևոր ընտանիքից էր. գալիս գնում էր ճեմարան սեփական կառքով։ Որովհետև երկուսս էլ երթևեկ աշակերտներ էինք և միշտ վաղ էինք լինում ուսումնարանում, երբ գիշերօթիկները դեռ առաւօտեան թէյի էին գնացած լինում, միշտ սկսում էինք խաղաղ զրոյցից եւ կամաց կամաց բանավէճի բռնւում և այնքան տարւում, որ չէինք նկատում, որ արդէն զանգը տուել են և ուսուցիչը մտել է դասարան. պէտք է ասեմ, որ իմ ընկերս շատ թունդ պահպանողական էր, Կատկովի եւ նրա «Московскiя Въдомости» թերթի ջերմ երկրպագուն։ Բացի այդ նա շատ սիրում էր «արխիերէյներից» եւ «միտրոպոլիտներից» խօսել. իսկ ես «Русскiя Въдомости» թերթի համակրող էի և... հակահոգեւորական ճանաչուած։ Ես սիրում էի յարձակուել Կովկասում այն ժամանակ տիրող ռեժիմի վրայ. տեղացիների նկատմամբ ցոյց տուած խտրականութեան, Եանովսկու մասին փաստեր էի բերում եւ այլն և այլն. իսկ նա առաջ էր բերում իր սիրած հրապարակախօսի ասածները... Այս բոլորը ցոյց է տալիս, որ մենք, պատանիներս, ազդւում էինք պահպանողականների եւ լիբերալների պայքարից, եւ որ այդ մամուլի ազդեցութիւնը զօրեղ էր մեզ վրայ։
Չը յարելով «լազարեաններին», ես սկզբում հեռու էի նաեւ «կովկասեցիներից», որոնց մէջ դեռեւս ծանօթներ չունէի։ Ուսանողութեանս առաջին տարին ոչ մի հայ ուսանող չը կար այդ մասի և ոչ մի կուրսում։ Բնագէտներս լինում էինք համալսարանի ընդհանուր շինութեան մէջ միայն ֆիզիկայի դասախօսութեան ժամանակ, որովհետև այդ առարկան աւանդւում էր մեզ մաթեմատիկոսների հետ միասին. միւս առարկաների դասախօսութիւնները, ինչպէս և զանազան առարկաներից գործնական զբաղմունքները, կատարւում էին ընդհանուր շինութիւնից դուրս զանազան լաբորատորիաներում, թանգարաններում և կարինետներում։ Այդպիսով բնագէտները քիչ էին շփւում միւս ուսանողների հետ։ Այդ անջատ կեանքը պատճառ էր լինում, որ շատ անգամ ուսանողական ցոյցերի մասին իմանում էինք post factum...
- ↑ «Յուշերիս» մեջ միայն մեռած գործիչների անուն ազգանուններն են լրիւ յայտնուելու