Բարեխղճօրէն յաճախելով բոլոր դասախօսութիւնները և պարապմունքները, ես սովորաբար վերադառնում էի սենեակս մութն արդէն ընկած և չափազանց յոգնած։ Այս հանգամանքները, մասամբ էլ չխառնուող բնաւորութիւնս, քիչ առիթներ էին տալիս հանդիպելու հայ ուսանողներին համալսարանում, և ես ազատ ժամանակս յափշտակութեամբ նուիրում էի «էվոլիւցիոն թեօրիայի» եւ «ֆունկցիաների» ուսումնասիրութեան... Այս ուղղութեամբ ընթերցանութիւնը մեծ փոփոխութիւն էր մտցնում կազմակերպուող աշխարհահայեացքիս մէջ։
Բնականաբար երկար տևել անջատ կացութիւնս չէր կարող։ Մի օր համալսարանում ծանօթացայ իրաւաբանական բաժնի ուսանող Ս. Յ.-ին. նա համոզեց իր շրջանի անդամ գրուել, աւելացնելով, որ մշակւում է «Ժողովի» նոր կանոնադրութիւն և գործունէութեան նոր ծրագիր։ Պէտք է ասել, որ «Ժողովը» բաժանուած էր առանձին «շրջանների», որպէս զի աւելի դիւրին լինի ուսանողներիս հաւաքուել։ Շրջանների ներկայացուցիչները կազմում էին «մասնաժողով», որը և հանդիսանում էր հայ ուսանողութեան միացնող օրգանը։ Մուտք գործելով այդ շրջանը, ես ծանօթացայ շատ «կովկասցիների»։ Մի օր էլ համալսարանում մօտեցաւ ինձ Սրապիոն Տէր-Գրիգորեան ուսանողը, որ ինձնից աւելի բարձր կուրսի իրաւաբան ուսանող էր, և սկսեց ինձ ծանօթացնել մի ինչ որ գաղտնի «Հայրենասիրաց Միութեան»։ Նա աոաջարկեց ինձ այդ «կուսակցութեան» թերթը, որի վերնագիրը կարծեմ «Ազատութեան Աւետաբեր» էր։ Բարձր կուրսերի մի քանի հայ ուսանողներից կազմուած այդ խումբը, ինչպէս ինձ շատ յետոյ հաւատացնում էին տեղեակ անձինք, գաղտնի ոստիկանութեան աջակցութեամբ ձեռք էր բերել տպարան և սկսել այդ հրատարակութիւնը...
— Հ՛ը, ի՞նչպէս էք հաւանում թերթը, ասաց իր սովորական մեղմ ժպիտով, հանդիպելով ինձ մի քանի օր անց յիշած ուսանողը։
— Ոչի՛նչ բան է. անհիմն ու խակմիտ ձեռնարկութիւն..., ասացի ես, վերադարձնելով նրան թերթը... Այնուհետև «Հայրենասիրաց Միութեան» և նրա «Ազատութեան Աւետաբերի» մասին ես ոչինչ չը լսեցի, ոչ էլ հետաքրքրուեցի։
«Ժողովից» դուրս կային և ուրիշ գրուպպաներ, որոնցից երկուսի մէջ ես մտնում էի. մէկը կազմուել էր՝ արդէն կեանքի մէջ մտած իրաւաբան Ս. Մ—ի շուրջը, իսկ միւսի նախաձեռնողներն էին յիշած Ս. Յ. եւ նրա մօտ ընկեր Յ. Ս.-ը։ Առաջին խմբի նպատակն էր ուսումնասիրել հայրենի երկիրը եւ ժողովուրդը, մեր իրականութեան րէալ պայմանները տեղն ու տեղը։ Միւսի նպատակն էր ընթերցանութեան եւ բանավէճի միջոցով նպաստել իր անդամների ինքնազարգացման։ «Երկրականների» մեծ մասը լազարիստներից էր (որոնցից յիշատակեմ Յ. Յ, Մ. Բ.), թէև կային նաև երկու «կովկասեցիներ» (Գ. Ե. եւ Ա. Բ.), իսկ «ինքնազարգացման» խմբի անդամները, բացի ինձնից, բոլորն էլ «կովկասեցիներ» էին (Տ. Յ., Յ. Ք. և այլն) և դրանց մէջ նաև մի թուրք և մի ռուս ուսանող։ «Երկրականները» վերջում կապ հաստատեցին նաև Պետրոգրադի ուսանողների մի շրջանի հետ, որի եռանդուն ներկայացուցիչն էր Կոստանդին Խատիսեանը, իսկ միւս անդամներից ես լսել էի Թ. Զ., Ս. Թ., Ա. Պ. եւ Ա. Վ.–ի անունները։ Դրանք բոլորն էլ աւարտելուց յետոյ հաստատուեցին Բագւում։ Շատ