Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հօր այս յատկութիւնները ժառանգաբար անցել են նրա Պետրոս որդուն։ Հօրից ստացած այս ժառանգութիւնը Պետրոս Շանշեանը անշուշտ մշակեց, կատարելագործեց բարձրագոյն դպրոցներում և յատկապէս Պարիզի Սորբոնում, ուր նա շարունակ սովորում Էր իր սիրած ու ընտրած մասնագիտութիւնը։ Բայց և այնպէս հօր աղօթելու և Ս. Գիրքը կարդալու սովորութիւնը, իբրև մի սրրազան աւանդ, պահում և գործադրում էր Շանշեանը մինչև իր մահը։

Ինչպէս տեսչութեան օրերում, նոյնպէս և պաշտօն չունեցած ժամանակ, Պետրոս Շանշեանը ամենայն առաւօտ և երեկոյ չոքած աղօթում էր իր սենեակի մի անկիւնում, ուր սովորաբար կախուած էր լինում Քրիստոսի խաչելութեան պատկերը։

Նա ամենայն կիրակի աշակերտների հետ եկեղեցի էր գնում և նրանց հետ եկեղեցու մէջտեղում կանգնած, երբեմն էլ չոքած, աղօթում էր:[1]) Ցանկացող ուսուցիչներն էլ էին աշակերտների հետ յաճախում եկեղեցի․ նրանցից ոմանք մինչև իսկ դպիրներին օգնում էին, ինչպէս օրինակ Պետրոս Սիմէօնեանցը, որ շատ յաջողակ ու դուրեկան ձայն է ունեցել։

Գալով Ս․ Գրքին, կարելի է ասել, Շանշեանը թէև անգիր էր իմանում, այնուամենայնիւ սիրում էր կարդալ նորից, կամ կարդացնել էր տալիս և ինքը լսում ու բացատրում:[2])

«Շանշեանի շաբաթական երկու դասերն (կրօնից և բարոյագիտութիւնից), գրում է նրա աշակերտ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադեանը (վերջերում կաթողիկոս ընտրուած), ուրախութեան և ցնծութեան ժամեր էին աշակերտաց»։

«Անհամբեր սպասում էինք նորա դասարան մտնելուն։ Ամեն դասախօսութեան ժամանակ միշտ բերում էր իւր ֆրանսերէն մանրատիպ և փոքրադիր Աստուածաշունչը, ինչպէս որ աշակերտաց ևս պատուէր տուած էր դասարանի մէջ ունենալ հայերէն Աստուածաշունչն, հարկ եղած ժամանակ վըկայութիւններ բանել, կարդալ և գլուխն ու համարը նշանակել»։

«Պ. Շանշեանի յիշողութիւնն ի սկգբան մի հրաշր էր համարուած աշակերտաց համար, վասն զի հարկ եղած ժամանակ իսկոյն բաց էր անում Աստուածաշունչը և մեզ պատուիրում էր բանալ այս ինչ գլուխը, կամ այն ինչ համարն։ Երբ տակաւ առ տակաւ մենը ևս ընտելացանք Ս. Գրոց, նշմարեցինք, որ ոչ թէ գլուխներն ու համարներն է, որ յիշողութեան մէջ պահած է ուսուցիչը, այլ իմաստը։»

Այնքան կարդացած է, այնքան իւրացուցած է Ս. Գրոց հոգին, որ իսկոյն միտն է բերում, թէ ուր է գտնւում այս ինչ իմաստով խօսքն»։

«Մեր այս առաջ բերածներն դասախօսութեան արտաքին ձևն է. գանք էականին»։

  1. Ընդունակ աշակերտները միշտ մասնակցում էին ժամերգութեան։
  2. Իմ ծանօթութիւնը Շանշեանին տեղի ունեցաւ «Մեղուի» խմբագրատանը, ուր նա սովորաբար իջևանում էր գիւղից քաղաք իջնելիս։ Այդ միջոցներին էր (1883-1886), որ ժամանակ առ ժամանակ ես նրա համար Ս․ Գիրք էի կարդում։ Վանքի եկեղեցուն կից մի մեծ տուն կար, ուր Մարկոսեան ազգանունով մի պատկառելի ծերունի էր ապրում․ ես յաճախ տեսել եմ Շանշեանին նրա պատշգամում նրա հետ միասին Ս․ Գիրք կարդալիս։