Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորստեան, որոյ աղագտւ Համարս ունիմք տալ առաջի Աստուծոյ, ըստ բանի իւրում առ Եզեկիէչ մարգարէ՝ «որդի մարդոյ․․․ (այս ցիտատը ևս չենք արտագրում)։ «Եւ ահաւասիկ հաւաստին բանից մերոց ի լոյս իսկ եկեսցեն նաև ամենեցուն ձեզ. զի լուեալ էր մեր ի վաղուց հետէ վասն յիշեալ հեղինակին (Շանշեանին) և դասատուին, թէ այլ ընդ այլոյ զուղղութիւնս վարդապետութեանց եկեղեցւոյ մերոյ ընդլայնէ պատիր և չար խորհրդովք մտաց հերձուածողութեան, սակայն այնքան ի ճշմարիտն կարճիս ոչ միտէաք, նաև զանց գբաղմօք առնէաք, զոր զնմանէ և զզրուցից, այլ իբրև ի յայտ եկին կրօնական տետրակք դասատւութեան նորին՝ դատեցաք զայն առաջի մտաւոր քանի մի անձանց ուսումնականաց և երկուց եպիսկոպոսաց վարժելոց յուսումն Աստուծոյ, յորում երևեցան բազում վրիպակք բանից և խորհրդոց, որք հայէին ստէպ ի մոլորամիտ վարդապետութիւնս օտար առ ի մէնջ եկեղեցեաց, վասն որոյ հրաման և յայլ տեղիս առաքեցաք զյիշեալ անձն միւս անգամ ի գործոց տեսչութեանց և դասատւութեանց յայլ ամենայն ուսումնարանս հայոց»։

24.

Մատթէոս կաթողիկոսի կոնդակի այս կտորները դուրս բերելով, մենք ոչ թէ համամիտ ենք այն կարծիքին, իբր թէ Շանշեանը անհաւատարիմ էր հայ եկեղեցուն և լիւտերականութիւն էր քարոզում իր աշակերտներին, ոչ, քաւ լիցի։ Այլ այդ կտորներն արտագրելով, մենք կամենում ենք ասել, որ Ներսէսեան, նոյնպէս և Շուշուայ դպրոցում կրօնը աւանդւում էր առանց դասագրքի։ Շանշեանը ինքը պատմում էր և աշակերտները գրում էին իրենց հասկացածին չափ։ Կարող էր պատահել, որ աշակերտական այդ գրուածներում մեր եկեղեցու ոգուն հակառակ կէտեր լինէին։ Եւ գուցէ հէնց այդ աշակերտական տետրակների մէջ սպրտած «վրիպակներն են», որոնց հիման վրայ տեղի է ունեցել յայտնի որոշումը՝ Շանշեանին հեռացնելու դպրոցներից։

Այդ տետրակները վերջերում Շանշեանը Մուրադեանին էր ուղարկել Կ. Պոլիս, և նա այնտեղ տպագրել տուեց երկու հատորով, որոնց մէջ մեր եկեղեցու դէմ իհարկէ ոչինչ չկայ և չէր էլ կարող լինել։ Շանշեանի այդ հեղինակութիւնը կոչւում է «Ուսումն պարտուց»։

Պէտք է գիտենալ, որ Մատթէոս Ա. կաթողիկոսը առհասարակ սաստիկ հակառակ էր բողոքականութեան և կաթոլիկութեան, որոնց մասին դեռ Պոլսի պատրիարք եղած ժամանակ գրքոյկներ էր հրատարակել։ Այդ էր մասամբ պատճառը, որ առիթ տուեց նրան կաթողիկոսական գահը բարձրանալու[1])

Կաթողիկոսանալուց յետոյ Մատթէոսը ձեռք չը քաշեց իր գաղափարից, և ինչպէս Շանշեանին, նմանապէս և Ստ. Նազարեանին հալածեց իբրև լիւտերամիտ հայերի։ Նրա հալածանքից ազատ չը մնաց նաև Գաբրիէլ Վ. Այվազեանը, թէև վերջինիս հալածման ներքին և բուն պատճառը կրօնականը չէր սոսկ, այլ գլխաւորապէս քաղաքագիտականը։

  1. Տես իմ «Պատմական Քաղուածներ» պրակ ժ․ եր. 1493.