Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միակողմանի տեսութիւն, դրա համար էլ Մախը գերադասում է խօսել տարրերի մասին[1]):

Աշխարհը, ամբողջ տիեզերքը կազմող այս տարրերը զատ-զատ գոյութիւն չունեն։ Նրանք կազմում են զանազան խմբակցութիւններ, միութիւններ, կապակցումներ։ Աշխարհը մի ցանց է, իսկական ցանց տարրերի միութիւնների։ Նրանք բոլորը մշտապէս գտնւում են փոխադարձ կախման և սերտ յարաբերութեան մէջ։ Ըստ Մախի ամբողջ աշխարհը կազմուած է տարրերի հետևեալ խմբակցութիւններից, որ նա պարզութեան համար տառերով է արտայայտում. ա) գոյների, ձայների և այլն ամբողջութիւնը, որ մարդ սովորաբար առարկայ է կոչում, նա անուանում է ABC. բ) այն ամբողջութիւնը, որ մեր սեփական մարմինն Է կազմում և աոաջինի մի մասն է, անուանում է KLM. և գ) կամքի, յիշողութիւնների, պատկերացումների ե այլն ամբողջութիւնը նա կոչում է ABY։ Առաջին երկուսը կարելի է մարմնական կամ արտաքին աշխարհ անուանել, իսկ երրորդը՝ ներքին կամ հոգեկան աշխարհ։ Այստեղից պարզ է, որ մարմինը ոչ այլ ինչ է, բայց եթէ տարրերի միութիւն, որպիսութիւնների գումար։ Նոյնը և «ես»-ը։ Յետոյ, այդ հսկայական ցանցի մէջ չը կայ կղզիացած մարմին կամ իր, ոչ էլ որևէ «ես»։ Այդ ցանցի մէջ բոլորն անխտիր կապուած են իրար հետ և պայմանաւորում են իրենց գոյութիւնը փոխադարձաբար։

Այս է ահա Մախի տարրերի ուսմունքը։ Բայց այս տեսութեան բոլոր կողմերը գծուած չեն դեռ ևս։ Իր այս ուսմունքով Մախը լուծում է և մի յաւիտենական պրոբլեմ՝ առաջնութեան պրոբլեմը։ Ո՞րն է առաջնականը՝ նիւթակա՞նը թէ հոգեկանը։ Այս հարցը ահա նրա տարրերի վարդապետութեան մէջ ստանում է մի ինքնատիպ լուծում։ «Ինձ համար, ասում է Մախը, մատերիան առաջին տուեալը չէ»[2])։ Նոյնը կարելի է և հոգեկանի վերաբերմամբ ասել։ Ինչ որ մենք սովորական կեանքում մատերիա ենք կոչում, դա է տարրերի կապակցման մի որոշ տեսակը[3])։ «Ես»-ն էլ տարրերի մի կապակցում է։ ԱյսպԷս ուրեմն առաջնականը, սկզբնականը ոչ նիւթականն է և ոչ հոգեկանը, այլ տարրերը։ Չէ՞ որ տարրերն են կազմում ամբողջ համաշխարհը, իսկ մարմինը և ես-ը մի մի բաղկացուցիչ, անբաժան մասն են այդ համաշխարհի։ Մախի համար իրը միայն մի աբստրակցիա է, մի սիմբոլ տարրերի մի ամբողջութեան համար[4])։ Եւ ուրիշ ոչինչ։

Մախի տարրերի ուսմունքի, նրա փիլիսոփայութեան հիմքում գրուած է յարաբերականութեան սկզբունքը։ Մախի տարրերի մոնիզմը կրում է յարաբերական բնոյթ։ «Ամեն ինչ փոխւում է», ահա Մախի փիլիսոփայութեան մի հիմնական դրութիւնը։

Բնութեան մէջ չը կայ անփոփոխ իր։ Փորձը ցոյց է տալիս, որ աշխարհը կազմող տարրերը յաւիտենապէս փոխյարաբերութեան մէջ են. նրանք միասին երևան են գալիս և միասին անհետանում։ Բացարձակ անփոփոխը տեղ չունի Մախի տարրերի աշխարհում։ Բնութեան մէջ անպայման իշխում է փոփոխման, դառնալու, զարգացման օրէնքը։

Անթիւ օրինակներ է նա առաջ բերում իր այս դրութիւնը ապացուցանելու

  1. Analyse d. Empfindungen, էջ 17-18
  2. Analyse d. Empfindungen էջ 198․
  3. Նոյն, էջ 199.
  4. Mechanik..., էջ512.