և հետազօտութիւնների միջով։ Մախը իր «Mechanik» գրուածքի տենդենցը բնորոշում է անգամ «հակաբնազանցական» խօսքով։ Մախը ընդունում է այն, ինչ երևոյթի մէջ կ դրուած։ Նա, ինչպէս ասացի, չի ճանաչում պրոբլեմների գոյութիւն։ Պրոբլեմը կամ լուծւում է և կամ անկարևոր համարում։ Հետևապէս նա չի կարող ընդունել իրն ինքնինի գոյութիւնը։ Բնազանցական, գերզգայական մտածողութեան արգասիք է այդ։
Բայց նա մի ժամանակ կրել է Կանտի զօրեղ ազդեցութիւնը, սակայն շատ շուտով թողել է իրն ինքնինը։ Ահա ինչ է ասում Մախը․ «Ես միշտ էլ առանձին երջանկութիւն եմ համարում այն, որ շատ վաղ, երբ դեռ ևս 15 տարեկան էի, իմ ձեռքն ընկաւ Կանտի «Prolegomena zu einer jeden künftigen Metaphysik»-ը։ Այն ժամանակ այս գիրքը իմ վրայ արաւ այնպիսի ուժեղ, անջնջելի տպաւորութիւն, որի նմանը այլևս երբէք չեմ զգացել որևէ փիլիսոփայական գրուածքի ընթերցման միջոցին։ Բայց մօտ 2-3 տարի յետոյ յանկարծ զգացի այն դատարկ, աւելորդ դերը, որ կատարում է իրն ինքնինը, «Ding an sich»-ը։[1]։)
Եւ այդ օրուանից նա գիտակցաբար կռուել է մետաֆիզիքայի դէմ։ Նա չի ընդունում որևէ գերզգայականի աշխարհ։ Նա ճանաչում է միայն մի աշխարհ, զգայական աշխարհն է այդ։ Իսկ ի՞նչ է ներկայացնում իվերջոյ այդ զգայական աշխարհը։ Այս հարցումով մենք արդէն մօտենում ենք Մախի փիլիսոփայութեան էութեան բնորոշմանը։ Սրանով կը պարզուի և այն պատկերը, որ ունի աշխարհը Մախի համար։
Եթէ զգայական աշխարհը աստիճանաբար վերլուծենք, մենք վերջ ի վերջոյ կը հասնենք տարրերի, որ այլ ևս չի կարելի վերլուծել։ Այս տարրերը որոշ յարաբերութեան մէջ զգայութիւններ են։ Տարբերը միաժամանակ փորձի վերջին բաղկացուցիչ մասերն են։ Հէնց այ տարրերն էլ կազմում են Մախի փիլիսոփայութեան հիմունքն ու ելակէտը։ Մախը տարրերի մոնիստ է։ Մախի տեսակէտով աշխարհը կազմուած է ոչ թէ առեղծուածային էութիւններից, այլ փորձի վերջին բաղկացուցիչ մասերից, այսինքն տարրերից կամ որոշ յարաբերութեան մէջ զգայութիւններից, օրինակ՝ գոյներից և ձայներից, ճնշումներից և տաքութիւններից, ժամանակներից և տարածութիւններից, զգացումներից և կամեցողութիւններից, պատկերացումներից և աֆեկտներից և այլն։ Եւ այս բոլորը մեզ համար անմիջօրէն տուեալ են։ Ինչ որ մենք գիտենք աշխարհի մասին, գիտենք միմիայն տարրերի միջոցով։ Ո՛չ թէ երկիրը կամ մարմիններն են աշխարհի տարրերը, ասում է Մախը, այլ գոյները, ձայները, ժամանակները, տպաւորութիւնները[2]) և այլն։ Փորձի մէջ մենք գործ ունենք միմիայն այս տարրերի և նրանց բազմազան կապակցումների հետ։ Տարրերից դուրս փորձը մի ֆիկցիա է և զոյութիւն չունի։ Բայց մեր արտաքին, ինչպէս և ներքին աշխարհի այս բաղկացուցիչ և միատեսակ տարրերը մերթ կազմում են ամուր, հաւաքական կապակցում, մերթ անհաստատ և յեղյեղուկ։ Սովորաբար այս տարրերը կոչւում են զգայութիւններ։ Բայց որովհետև այս գաղափարի մէջ պարունակւում է