տնտեսական վատ կացութիւնը, ընդհանուր թշուառութիւնը ստիպեցին մեզ, որ հնար եղածին չափ օգնութիւն հասցնենք նրան թէ դրամով, թէ հագուստով և թէ մթերքներով:
Լազիստանը կարևոր նշանակութիւն ունի մեզ համար, աւելացնում է թերթը, նա ապագայ Վրաստանի տնտեսական վերածնման գործում շատ խոշոր դեր կարող է խաղալ:
ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ
Վրաց կուլտուրական կեանքին մասամբ ծանոթանալու համար բաւական է մի թեթև ակնարկ ձգել նրանց մէջ գործող և բաւականաչափ լայն գործունէութիւն ունեցող երկու ընկերութիւնների վրայ՝ Գրագիտութիւն տարածող և Բարեգործական։
Գրագիտութիւն տարածող ընկերութիւնը, իր ուսերի վրայ վերցնելով վրաց ժողովրդի կրթական-կուլտուրական ծանր ու դժուարին գործը, իր ուժերի ներածին չափ օգնութեան է հասնում մայրենի ժողովրդին, Վրաստանի թէ կենտրոնական վայրերում և թէ ամենախուլ անկիւններում դպրոցներ բանալով, թատրոնական խմբեր պահելով: Այդպիսով ընկերութիւնն իր նիւթական և բարոյական ջերմ աջակցութեամբ աշխատում է վառ պահել վրաց ազգի մէջ երկու լուսատու ճրագներ՝ թատրոն ու դպրոց, որոնք ամենագլխաւոր ազդակներն են փոքրիկ, կուլտուրապէս յետամնաց ժողովուրդների ազգային գիտակցութիւնն ու մայրենի լեզուն բարձր պահելու գործում:
Վրաստանի համարեա բոլոր շրջանների վրայ իր հովանաւոր թևերն է տարածել յիշեալ ընկերութիւնը. վրաց իրականութեան մէջ չը կայ մի կուլտուրական ձեռնարկութիւն, որի հետ այս կամ այն առընչութիւնը չունենայ այդ ընկերութիւնը:
Ընկերութիւնը գիւղերում և գաւառական քաղաքներում բաց է անում գրադարաններ և ընթերցարաններ: Վերջերս գրագիտութիւն տարածող ընկերութեան Թիֆլիսի կենտրոնական խորհուրդը զբաղուած է իր խնամքին յանձնուած դպրոցների ուսուցիչների կենսաթոշակի կանոնադրութեան մշակման գործով։ Ունի բազմաթիւ ճիւղեր ու սեկցիաներ, թէ դպրոցական և թէ թատրոնական, Վրաստանի զանազան գիւղաքաղաքներում և Կովկասի վրացաբնակ շատ վայրերում:
Բագուն ևս հեռու չի մնացել յիշեալ ընկերութեան ուշաշդրութիւնից. այստեղ ևս գոյութիւն ունի Գրագիտութիւն տարածող ընկերութեան ճիւղ, որը նպաստում է տեղիս վրացիների կուլտուրական գործին և դրանով վառ ու արթուն է պահում մայրենի երկրից ակամայ պոկուած սակաւաթիւ վրացիների մէջ ազգային ոգին ու ազգային գիտակցութիւնը:
Վրացիների մէջ գոյութիւն ունեցող միւս ընկերութիւնը՝ Բարեգործականը, որ համեմատաբար աւելի նոր ընկերութիւն է, իր լայն և հանրօգուտ գործունէութեամբ արդէն գրաւել է վրաց ընկերութիւնների շարքում առաջնակարգ տեղ։ Քանի որ հրապարակի վրայ է արդէն այդ ընկերութեան 1915 թ. գործունէութեան տեղեկագիրը և վրաց մամուլը բաւականաչափ զբաղուել է յիշեալ տեղեկագրով, արժէ մի քանի խօսք նուիրել նրան,