Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպէս ուրեմն,ամբողջ երկիրը ի դէմս Պետական Դումայի, Պետական Խորհրդի և մինչև անգամ ազնուական դասակարգի՝ բացորոշ կերպով յայտնեց իր վերաբերումը ղէպի մութ ոյժերը» և նրանց կամակատարները, որոնք այնքան չարիքներ հասցրին մեր հայրենիքին։

Բայց ամբողջ երկրի միահամուռ կամքը մինչև այսօր կարողացաւ միայն տապալել Շտիւրմերին առանց կարողանալու վերջ դնելու շտիւրմերականութեանը»...

Փոխուել են անձինք, կը փոխուեն անձինք, բայց քանի որ սիստեմը կը մնայ անխախտ, դժուար Է սպասել, որ վերջ կը դրուի մութ ոյժերի» մութ գործունէութեան ի վնաս հայրենիքի։

Կայ միայն մի ելք ներկայ ծանր կացութիւնից դուրս գալու համար՝ իշխանութեան կոչել ազնիւ, ընդունակ և երկրի հաւատը վայելող անձանց։ Այդ է այժմ բոլորի միահամուռ փափագը։

Եւ համարձակ կարելի է ասել, որ ամբողջ երկիրը մի ծայրից մինչև միւսը սրտատրոփ սպասում է իր այդ փափագի իրագործմանը։

Z.