Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազատութիւնից զրկուեց նաև Դրիասի որդին, Թրակիայի արքայ անզուսպ Լիկուրգը, որին Դիօնիսիոս աստուածը փակեց քարէ բանտի մէջ ի պատիժ նրա անպատկառութեան։ Այնտեղ հետզհետէ հանդարտուեց նրա մոլեգնութիւնը, որ հասել էր ծայրայեղ չափի։ Նա ստիպուեց խոստովանել, որ իր խելագարութեան մէջ անարգում էր աստծուն ամբարտաւան լեզուով և արգելում ջահեր վառել Բաքոսի խորհրդատօներին, որով գրգռում էր զայրոյթը սրնգասէր մուսաների:

Այնտեղ, ուր ջրաբաժանն է երկու ծովերի, Սև ժայռերի մօտ, Թրակեան Բոսֆորի ափին, անհիւրընկալ Սալմիդէսում, մերձաբնակ Արէսը տեսաւ մի օր Ֆինէասի երկու այլանդակուած որդիներին, որոնց կուրացրել էր իրանց սևահոգի խորթ մայրը։ Արիւնլուայ եղունգներով և սուր կկոցով հանած աչքերը վրէժ էին հայցում:

Սգալով իրանց սև բախտը, հիւծւում էին այդպէս իրանց մօր տխուր ամուսնութեան այդ երկու թշուառ ծնունդները։ Եւ սակայն նրանց մայրը պատկանում էր Երեքթեան հինաւուրց տոհմին և սերում էր աստուածներից, որովհետև Բորէասի [1] դուստրն էր, մեծացել էր գահավէժ ժայռերի լանջին, հեռաւոր քարանձաւներում, իր հօր հողմերի մէջին, և արագավազ էր, ինչպէս մի նժոյգ: Բայց նրան էլ, սիրելի որդեակ, խորտակեցին ճակատագրի պառաւ դիցուհիք։

(Երաժշտությունը դադարում է։ Ալեւորները վերադառնում են իրանց առաջուան տեղը, հրաժեշտ տալով Անտիգոնէին ձեռների այնպիսի շարժումով, որ օրհնութիւն է նշանակում)։

     ՎԵՑԵՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ
     ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ 
    ՊԱՐԸ, ԿՐԷՕն ԵՒ ՏԻՐԵՍԻԱՍ 

(Լռում է սկզբում հեռուից, յետոյ աւելի ու աւելի մօտիկից քարքարոտ գետնին դիպչող գաւազանի ձայն։ Վերջապես երեւում է կոյր ծերուկ Տիրեսիասը մի ուղեցոյց տղայի հետ)։

Տիրեսիաս.(ալեւորների խմբին դիմելով) Իշխանք Թեբացոց.

  1. Հիւսիսային հողմերի աստուծաը։ Նրա աղջիկը Կլէօպատրա անունով ամուսնացել էր ՖինԷաս թագաւորի հետ։ Սա արձակեց ու բանտարկեց իր կնոջը Կլէօպատրային, որից երկու տղայ ունէր, և ամուսնացաւ Սկիւթացոց արքայի աղջկայ Իդէայի հետ, որ կուրացրեց իր խորթ զաւակներին: