Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես այս վերջին տարին ալ, առաջին կը հանդիսանար քննություններուն մեջ, ծափերով ողջունված ու չորպաճիներու[1] աղջիկներեն ավելի փառավորված:

Եվ մայր ու աղջիկ, միևնույն լռին ու թաքուն համաձայնությամբ, գեղջուկ կյանքե վեր աստիճանի մը հասնելու տենչանքը կը սնուցանեին իրենց սրտին մեջ:

Վարժարանին մեջ, իր Պոլսեցի վարժուհին՝ կատարելագործյալ կնոջ տիպար մը Զարուկին աչքին՝ մնացածը ամբողջացուց: Մայրաքաղաքեն հեռանալու համար, անկյալ հրեշտակի մը ձևերը ուներ այս կինը և գեղացի աղջիկներուն քով ապրելու, ասոնց բան սորվեցնելու պարտականությունը՝ պատիժ մը կրելու պես ի գործ կը դներ: Պոլիսը, իր Պոլիսը հիշելու առիթը չէր փախցներ. գերագույն բաղդատության եզրը, որուն տակ՝ բոլոր գեղը գեղացին ու գեղին դպրոցը կʼընկճեր, կը փճացներ:

Զարուկ, երբոր բարձրագույն կարգը անցավ, ընկերուհի մը եղավ անոր, այնքան ավելի մտերիմ, որքան միևնույն խուլ տրտունջը կար երկուքին ալ սրտին մեջ:

Ընթերցանությունն ալ եկավ իր բաժինը բերելու այս մատաղ հոգին խռովեցնող հովերուն մեջ, և դպրոցական վերջին տարին, երազամոլ տարին եղավ, չքնաղ ու անդարձ տարին, որուն մեջ քաղքենի կյանքը, իր բոլոր չնչին մանրամասնություններովը, անմիտ կարգ ու սարքովը, այլազանությամբը, վարքերու արտոնյալ ազատությամբը՝ գունագեղ երանգներու ծիրանի գոտիի մը պես իր գեղացիի նսեմ մթնոլորտին վրա կը գծագրվեր ամեն վայրկյան:

Գ.

Առտուն կանուխ աղբուրին քով հավաքված էին

  1. չորպաճի (չորպաճը) - (թուրք.) գործատեր, Թուրքիայի քաղաքներում ունևոր քիստոնյաներին դիմելու ձև