մահալեին աղջիկները, կիները, մեյ մեկ դույլ, մեյ մեկ պարխաճ[1] ձեռքերնին, կանուխ-կանուխ սկսելով իրենց տնեցի աշխատավորի միօրինակ վաստակը ու բամբասանքը:
Աղբուրը ամեն անցած դարձածի, ամեն գայթակղությանց արձագանքի կեդրոնավայրն էր, թելեֆոնի ընդունարանի մը պես, ուրկե լուրը իսկույն կը տարածվեր գեղին մեջ հազար ու մեկ բերաններով:
Բարևներեն, առաջ անցնելու պզտիկ վեճերեն ետքը, Իսկուհին, ամենեն հետաքրքիր ու լավատեղյակ կինը բոլոր գեղին, օրվան նոր լուրը հաղորդեց ներկաներուն.
- Գիտե՞ք, աղջիկներ, Օհանճանը Զարուկը ուզեր է:
- Օհանճա՞նը:
Չհավտալու, զարմանալու պզտիկ մրմունջ մը՝ որուն վրա նախանձի պզտիկ հով մը կը թռչտեր՝ հանդարտ ծովի մը մակերևույթը փոթփոթող թեթև քամիի մը հպումին պես:
Օհանճանը՝ առույգ ու կորովի կտրիճ մը, որուն վրա էին կարգելու աղջիկ ունեցող բոլոր մայրերու աչքերը: Ապայե փոթուրովը, որ իր ջղուտ՝ բայց աղվոր կնկան մը նախանձը շարժելու չափ բարեձև սրունքին բումբը[2] կը գրկեր, չեփկենեն[3] դուրս պոռթկացող լանջքին տոկուն կամարովը, իրեն պես բարձրահասակ մարդոց հատուկ քալվածքին պզտիկ երերումովը, որ պչրանքի պես բան մը կ’ավելցներ առնական հրապույրին վրա, իրոք աղվոր տղա մըն էր անիկա, որուն յազմայով փաթթած ծուռ ֆեսին երկար ծոպը ուսը կը ծեծեր: Իր նորաբույս ու նոր պեխին ոլորքը, առանց ուզելու, շատ մը սիրտեր էրած ու մրկած էր:
Ասոնց բոլորին վրա զույգ մը եզի ու աղվոր ար