Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հոգի՛ս, հոգիս ու կյանքս ես դուն, հասկցա՞ր:

Մանուկներու կցկտուր ու սահմանափակ բարբառը ուներ. ո՛չ նոր պարբերություններ, ո՛չ չըսված բացատրություններ՝ իր միակերպ, միակտուր սիրույն համար, միևնույն խոսքերը, որոնք ինծի՝ տղայության մեջ սորված երգի մը պես՝ հանհունս[1] կրկնվելով ավելի քաղցր կը թվեին:

Բայց այս պարզությունը զուրկ չէր կանացի բնազդիկ նրբություններե:

Երբ պատկերս տալ ուզեցի իրեն՝

— Ո՛չ, — ըսավ ինծի, — իմ աչքերուս չեմ վստահիր քեզ, հոն չես դուն:

Եվ հարուստ ու շքեղ լանջքին վրա դնելով մատը.

— Հո՛ս, հոս, սրտիս մեջն ես, գաղտնի, խորունկ, անհարկի աչքերե ծածուկ տեղն ես դուն, միս մինակդ ու բոլորովին իմս, հասկցա՞ր:

Ուրիշ ատեն՝

— Գիտե՞ս, — կ’սեր ինծի, — որ դրան զանգակին զարնվածքեն, սանդուխին վրա քալվածքեդ կը ճանչնամ քեզ և ուրախության սարսուռ մը կը վազե ոտքես մինչև գլուխս:

Իմ պաշտումս ալ իրեն համար նույնքան բուռն էր. ես ալ զինքը՝ սրահին մեջ ձգած անուշ հոտեն, շրջապատող չնչին նյութերուն ազգականութենեն անմիջապես կը գուշակեի:

— Հոս նստած էիր քիչ մը առաջ, — կ’ըսեի իրեն, — աթոռ մը ցույց տալով, երբ ներս կը մտնեի սրահեն:

Ճշմարիտ էր ըսածս, կ’ուրախանար, կը ժպտեր, կը շառագուներ:

Եվ ձեռքը ձեռքիս մեջ՝ երբոր կը սթափեր զինքը համակող անէացումի հեշտանքեն, ինծի կ’ուղղեր տրտում ու անձկությամբ լեցուն նայվածքը, կարծես պահանջելու համար.

— Խոստացի՛ր, որ չպիտի մոռնաս զիս:

  1. հանհունս — անհունորեն