Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ․

Երբոր իմ մտերիմ բարեկամս, Ճամճյան Օննիկ Իզմիրեն Պոլիս եկավ ամուսնանալու համար, ես տարիե մը ի վեր Աննիկեն բաժնված էի, այն խոլ արշավին մեջ, զոր կը մղեի կնոջական զբոսանքներու համար, ավելի հետաքրքիր ուղևորի մը պես, քան թե ճշմարիտ վայելքի մը սիրույն:

Բայց անոր դեմքը՝ հատուկ պատվանդանի մը վրա դրած կը պահեի սրտիս խորը. մասնավոր խուց մը հատկացուցած էի անոր, բացառիկ ու անստգյուտ էակին. ամեն հեղ, որ կանացի պզտիկ դավերու, ստահոդ[1] պչրանքներու հանդիսատեսը կ’ըլլայի, այդ դեմքին հաստատատիպ արտահայտությունը կ’ամոքեր զիս:

Եվ ունայնասեր՝ ինչպես կ’ըլլան իմ տարիքիս մարդերը, կ’երևակայեի այդ վճիտ ու հստակ սիրտը դեռ ինձմով լեցուն՝ թեև ես լքած ու ձգած ըլլայի զինքը շատոնցվընե ի վեր:

Աղեկ կը հիշեմ, որ շաբաթ առտու մըն էր:

Բարեկամս եկավ տեղեկություն առնելու ինե աղջկան մը վրա, որուն հետ միտք ուներ ամուսնանալու և որուն գովեստը ըրեր էին ամենքը. իմ ալ կարծիքս առնել կ’ուզեր որոշում մը տալե առաջ. ո՛վ ըլլալը հարցուցի. Աննիկն էր ան:

Չեմ ծածկեր, որ մեծ սրտնեղությամբ մը իմացա այս լուրը, ուրեմն այս աղջիկը մոռցեր էր, զիս, քանի որ ահա ուրիշի մը հետ կ’ամուսնանար՝ մինչդեռ ես անմխիթար կը կարծեի զինքը ինե զատվելուն համար:

Բարեկամս իմ դժկամությունս կարդաց երեսիս վրա. այնքա՜ն այս հետադարձ նախանձը սրտիս վրա խարանի ցավ մը ձգած էր. վախցավ, որ աննպաստ կարծիք մը ունիմ այս աղջկան վրա:

  1. ստահոդ — սուտ, կեղծ, ստի ու կեղծիքի վրա հիմնված