Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անլուր գայթակղությունը, հաջորդ օրը տուներուն մեջ ըսվելիք խոսքերը, երբոր հիմա ներս մտնելով ուղղակի ինծի գա, գիրկս նետվի ամենուն առջև ու պոռա.

— Ես քուկդ եմ միայն և ուրիշինը չեմ ըլլար:

Մտքովս կը շարունակեմ երազը. ծնողքը ահա, որ կը միջամտե. բռնի կը բաժնեն զայն, կը հափշտակեն թևերուս մեջեն. մազերեն քաշելով, գետինները քսկռտելով կը տանին ոճրագործի մը պես, ով գիտե ո՛ր մութ սենյակին մեջ բանտարկելու համար:

Որչա՜փ կը զղջամ եկած ըլլալուս:

Աննիկ ներս մտավ. այս ժամին հանդիսավորությունը բնավ չի շփոթեցներ զինքը. վախս կը փարատի տակավ ու կը զմայլիմ իր անսեթևեթ ձևերուն վրա. գլխու թեթև ու շնորհալի խոնարհությամբ մը կը բարևե մեզ, օտարականներու, հյուրերու ուղղված պաշտոնական բարև մը, ոչ շատ մտերիմ, ոչ շատ ցուրտ. իր անձին վրա որչա՜փ մեծ իշխանություն ունեցող մեկն է այս աղջիկը. ոչ դող, ոչ հուզում կա իր անուշ դեմքին վրա. չի շիկնիր, չի շառագունիր:

Կ’ապշեմ ու կը նեղանամ միանգամայն. կը սպասեի, որ հանկարծակիի գար. կայծակե զարնվածի պես մնար զիս տեսնելուն, գույնը նետեր ու ծունկերը կթոտեին[1] քիչ մը, ամենքը նշանտուքին առաջ բերած ջղային տագնապի մը վերագրեին իր թալուկը և ես միայն ասոր բուն պատճառը գիտնայի: Իր քաջառողջ անտարբերությունը զիս պզտիկ կը ձգե:

Կես ժամ վերջը խոսք կապի արարողությունը ավարտած է. աջին ձախին շնորհավորություններ, բարեմաղթություններ կը թոթովեմ:

Նորեն անուշ, նորեն սուրճ կը հրամցնեն ու ամենքը կը մտերմանան, կատակներ, զվարճություններ կ’ըլլան:

Բարեկամս, որ ժամանակ կորսնցնող չէ, իր նշանածին քովն է. կը խոսի, կը խնդա, պատուհանին քովը

  1. կթոտել — թուլանալ, ուժաթափվել