անկյուն մը կեցած ինծի նայելով բաներ մը կ’ըսեն իրարու, իմ վրաս կը խոսին. որքա՜ն հետաքրքիր եմ Աննիկին խոսքերը իմանալու. կրցա՞վ ինքզինքը զսպել, ծածկել իր առջի սերը. արդյոք Օննիկ բան մը գուշակե՞ց, ահա նշան կ’ընե, որ մոտենամ իրենց. չուզելով կ’երթամ քովերնին. ինչ ըսելիքս, ինչ ընելիքս չեմ գիտեր:
— Աննի՛կ, — կ’ըսե բարեկամս, — քեզի կներկայացնեմ իմ խիստ, բայց խիստ մտերիմ ընկերս, դուք պոլսեցի եք, հարկավ իրար կը ճանչնաք քիչ մը, այնպես չէ՞:
Այս հարցումին, Աննիկ աղեկ մը իմ կողմս դարձավ. անանկ մը, որ պատուհանեն եկող լույսը զիս ողողե. աչքերը պզտիկցուց քիչ մը, ավելի մեծ ջանք մը ընելով իր հիշողությունը ամփոփելու համար. արագ և ուշադիր նայվածքով մը ոտքես գլուխս քննեց զիս. ես ալ կը հետևեի հիմա իր նայվածքին բոլոր ճիգերուն. անկեղծ, բայց բոլորովին անկեղծ ջանք մը կ’ըներ այդ նայվածքը զիս հիշելու համար ու չէր հաջողեր. այնքան, որ ես իսկ հավատալ կը սկսեի զինքը բնավ տեսած չըլլալուս, վասնզի աննենգ ու անխարդախ բան մը կար այս աշխատության մեջ, որով իր բոլոր կամքը կը դներ զիս ճանչնալու համար, այն անկեղծ ու անխարդախ բանը, զոր միշտ գտած էի ես այդ աչքերուն մեջ. և վերջապես, եզրակացության մը հանգելով, բայց կ’երևա չկրնալով բոլորովին հաստատ ու ապահով ըլլալ ըսածին, Աննիկ պատասխանեց բարեկամիս.
— Կարծեմ թե տեղ մը տեսած ըլլալու եմ էֆենտին:
<1898>