Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ա.

Երաժշտության եղանակներ կան, տարիներե ի վեր մոռցված, որոնք հանկարծ միտքդ կ՚իյնան: Եղանակներ՝ զորս անօգուտ ջանքեր ընելե ետքը մտքեր վանելու ու հեռացնելու համար, մեկեն ի մեկ բարձրաձայն երգելու կ՚ելլես: Իմ Հակոբիկը հիշելու ելլելս այդ տեսակ բան մըն է: Ի՞նչպես, մտքի ի՞նչ անգիտակից ջանքով հիշողությանս առջև եկավ կանգնեցավ այս տղուն դեմքը. չպիտի կրնամ բացատրել. սա գիտեմ միայն, որ ութը օրե ի վեր, վայրկյան մը աչքիս առջևեն չեմ կրնար վտարել զայն:

Դպրոցին մեջ նախ կտեսնեմ զինքը, ճիշտ իմ քովս նստած, զմելիովը [1] գրասեղանին վրա իր անունը քանդակելու կամ շատ անգամ ալ պարզապես զայն տաշելու զբաղած, իր սիրական զբաղումը. հետո, դպրոցեն ելլելնուս, իրարմե բաժնվելնես վերջը, հոս ու հոն, միշտ աղվոր հագված երիտասարդ՝ որուն կենցաղասեր մարդու համբավը, հարափոփոխ սերերուն պատմությունը ամենուն բերանն էր: Ավելի հեռուն՝ երեսունին մոտերը՝ միևնույն մարդը, հոգնած քիչ մը սակայն, և դրամական անձկութենեն՝ արդուզարդի ծախքերուն հետ իրավախոհության գալու ստիպված: Ու քիչ մը վերջն ալ բոլորովին չքավորության մեջ ինկած, խավեարը թափած ռըտենկոթ մը կռնակը, որուն մաշած կողմերը չցուցնելու համար իր ջանքերը կը նշմարեմ: Հետո աներևութացումը, ծովին մեջ սուզող լուղորդին պես, որ իր գոյութենեն նշան չտար. և չսպասված վայրկյանին վերերևումը, ամուսնության մը շնորհիվ, անհնարին ամուսնություն մը այս տղուն համար, ուռած տիկի պես բան մը, ծովին հատակը սուզած նավը ջուրին երեսը կը հանե:

  1. զմելի(ն) — գրպանի փոքրիկ դանակ, գրչահատ