Եվ շատ չանցած՝ լայն, սև շրջանակով պարուրված թուղթը, վրան՝ ծունկ չոքած անշնորհք հրեշտակով մը, որ անոր մահը եկավ օր մը ինծի ծանուցանել: Ուրիշ ոչինչ:
Մասնավոր պատճառ մը որոնելու չելա ասոր համար. հիվնդցեր ու մեռեր էր Հակոբիկ, որ սիրուն տղա մը ըլլալու համար մահկանացու ըլլալե դադրած չէր ու թերևս ճիշտ ատոր համար ուրիշե մը ավելի մահկանացու ըլլալու էր:
Հիմա սակայն կը վերակազմեմ այս կյանքը: Օդաչու գնացք մը, քան թե տոտիկ-տոտիկ քալել մը հաստատ հողի մը վրա: Ընդհանուրեն տարբեր ապրիլ մը՝ ընդհանուրեն տարբեր մեռնելով մը իր թողությունը գտած: Ութ օրվան մեջ իր վրա հավաքած պզտիկ պատմություններս, չնչին դեպքերես առաջնորդված՝ քայլ առ քայլ կը հետևիմ իրեն: Այս կյանքին բոլոր հորինվածքները կը քայքայեմ մեկիկ-մեկիկ, ջիղերը կը զննեմ, երակները կը բանամ ու, ինչ-որ անհնարին կը թվի ձեզի, իր հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ: Տեսակ մը հետադարձիկ վիրահատություն անգոյին, որ զիս կը հետաքրքրե, կյանքի ու մահվան հարց՝ իրարու խառնված, որ քուն չի քնացներ ինծի, մինչև որ լուծումը չգտնեմ ու ճիշտ եզրակացության մը չհասնիմ՝ տխուր, ամեն ճշտությանց պես:
Հայր ու մայր չուներ անիկա, այլ ծերունի մեծ հայր մը, Ակնեն եկած կարծեմ ու հացագործությամբ հարստացած, որ մինչև վերջը վրան գուրգուրաց և որուն մեկ հատիկն էր: Այս երկու անչափահասությունները, մեկը՝ տարիքի անբավականութենեն առաջ եկած՝ Հակոբիկինը, մյուսը՝ տարիքին սահմանազանցութենեն բխած՝ իր հավինը, զիրար գտեր ու հասկցեր էին միշտ: Իրենց Պեշիկթաշի տանը մեջ՝ քսան սենյակով, ընդարձակ պարտեզով տուն մը մերինին դրացի, միս մինակ երկուքն էին: Հոն ամեն բան իրմե կա