բեք, մեր գավառացիներու զավակներուն մեջեն՝ Ակնեն եկող սերունդին վրա միայն կը նշմարվի:
Ու այս բոլորին մեջ ատեն գտավ ճշմարիտ. մաքուր ու ազնիվ սեր մըն ալ ունենալու իր սրտին մեջ. վասնզի աղեկ գիտեմ, որ մեր գեղեն աղջիկ մը սիրեց ու սիրվեցավ անկե: Էսնաֆ [1] ընտանիքի աղջիկ, պարզուկ ու անբիծ սիրտ, որ անոր նվաճող էրիկ մարդու մեկ նայվածքին առջև տկարացավ: Դեղինի վրա, աղվոր առատ մազեր ու դշխոյի հասակ մը ուներ, խրոխտ գեղեցկություն, որ ամեն երանությանց պես Հակոբիկին բաժինը եղավ: Բոլոր ախտավարակ հաճույքներու մեջ, այս աղջիկը՝ անհպելի սրբության մը պես իր սրտին առանձին մեկ անկյունը պահեց միշտ: Իր խոլական արշավին ու հետո վերջնական քայքայումին մեջ այս սերը անխախտ իր տեղը մնաց:
Այսպես անցավ իր երիտասարդությունը, անդուլ վազք մը: Այն օրը միայն, որ ա՛լ դրամ չգտավ վատնելու, կանգ առավ առանց զարմանքի, մանավանդ առանց տրտունջի: Երեսունին մոտ էր հիմա, նորեն վայելչագեղ երիտասարդ՝ պահելով վրան այն նրբությունը ու շնորհը, որ առնական կորովին հակընդդեմ է քիչ մը և ուրկե սակայն այնքան կ՚ախորժին կարգ մը կիներ:
Ուրիշ մը իր տեղը պարտք պիտի ըներ շարունակելու համար իր ապրելու եղանակը. ատանկ բան մը չըրավ. ըսի որ կեցավ իսկույն ու իր մեծ հորը տան մեջ փակվեցավ, աներևույթ եղավ գրեթե:
Ատենին նահանջելը՝ ամեն բանի մեջ՝ ճարտարութենե ավելի բան մըն է. ընդհանրապես ասիկա կը պակսի անոնց, որոնք հաջողությամբ լեցուն կյանք մը վարած են:
- ↑ էսնաֆ - արհեստավոր