- * * * Հյուպատոսին կինն էր. բայց իր անկարգությանը համար էրիկը ձգեց զինքը:
- Գիտեմ, դատարանին առջև հաստատվեցավ կնոջը գեշ վարքը ու երեք ամիս կա, որ զավկըները ձեռքեն առին:
- Այո, ճամփեն ելած կին մըն էր:
Ու բարոյականի տոպրակնին բացած, այս անցորդները, որ դեռ քանի մը օր առաջ այս կնոջ մեկ ակնարկին արժանանալու համար կը քծնեին անոր ճամփուն վրա, իրենց մաղձոտ չարախոսությունները դուրս կը թափեին:
- Ինչե՞ն մեռավ, - հարցուց առաջին խոսքը բացողը:
- Թոքատապեն:
Ո՛չ, ըսի մտքովս պատասխանելով անոնց, զավկըներուն ցավեն մեռած է այս կնիկը: Եվ իսկույն ներսես պաշտպան կանգնեցա անոր, երբ աշխարհ խոսք մեկ կ՚ըներ զինքը դատապարտելու համար: Իր շնորհին, իր երիտասարդությանը վայելուչը՝ արատով մը չգոցվիլն էր իր դագաղին: Ինչ-որ ալ եղած ելլար իր կյանքը, սիրտս կ՚ըսեր, որ ծաղիկ մը նետելու է անոր վրա և ոչ աղբի դեզ մը, ինչպես կ՚ընեին սա մարդիկը:
Վարանոտ կեցեր էի մայթին վրա, անցորդներուն պատմած ուղիղ կամ սուտ զրույցներուն ակամա ունկընդիր, երբոր հեռվեն տեսա մեռելը, զոր մեր կողմը կը բերեին:
Առջևեն խաչալեմները [1] բարձրացուցեր էին երեք գիծի վրա, որոնց երկու ծայրերունը՝ քահանաներու դասին ու մեջտեղինը դագաղը տանող կառքին առջև կ՚իյնար. համակ ընկուզենիե էր ան, տեղ-տեղ արծաթ դրվագներով զարդարված: Աղեբեկ մազերով ծերունի մը, հայրը, դագաղին անմիջապես ետևեն կուգար: Ու անոր ետևեն, հուղարկավորներու ցանցառ թիվ մը, որուն մեջ Փերայի հույն հասարակութենեն քանի մը
- ↑ խաչալեմ - խաչվառ, Քրիստոսի չարչարանքներից մեկի (սովորաբար խաչելության) պատկերով եկեղեցական դրոշակ