ցավոր ու պարտազանց մէկն էր անիկա, ամենեն մեծ արվեստագետին երևակայելիք շնորհը ու վայելչությունը սփռված էր այս մարմնին վրա, բայց մռայլ ու սրբազան վերարկու մը ձգածի պես պատկառանք միայն տարածելով անոր շուրջը:
Ու հիմա քահանային աղոթքին հետ համընթաց փոսին երկու դիեն բահերով նետված հողերուն տակ հեծեծող դագաղը հետզհետե կը ծածկվեր ու ծովին մեջ ընկղմող նավի մը պես աչքե կ՚անհետանար: Մեռելաթաղները հողին զանգվածները կը կոտրեն, կը շտկեն, կը կոկեն ու ահա ոչինչ՝ բացի այն ուռեցվորած թարմ ու կարմիր հողեն, որ նեղ ու երկար ձվաձև մը կը կազմե այդտեղ:
Հուղարկավորները կարգով կը մոտենան ծերունի հորը ու վշտակցություննին կը հայտնեն, ու էն վերջը ես կը մոտենամ անոր ձեռքը թոթվելու համար, երբոր, տարօրինակ բան, ես պետք ունիմ, որ իմ ձեռքս սեղմեն:
Մտերմության ի՜նչ անբաղդատելի օղակ մը կը հաստատվի հանկարծ, վայրկյան մը առաջ իրարու անծանոթ երկու հոգիի մեջ. ինչպես կ՚ըլլա, որ մեկ վայրկյանի մեջ զգացված կսկիծ մը՝ տարիներով միասին զգացված, բաժնված ուրախություններե ավելի սերտ մերձավորություն կազմե, ամուր ու պինդ շաղախ, որ սիրտերը իրարու կը կապե իրապես անմեկնելի կապերով:
Անկե վերջ բարև մը կը փոխանակեինք անոր հետ, իրարու հանդիպելնուս: Չհարցուց բնավ, թե ով էի ես և թե ինչ իրավունքով իր սուգին մասնակցեր էի:
Վեց ամիս վերջը: Լյուքսանպուրի սրճարանը կ՚երթար անիկա պռիչի փառթի [1] մը ընելու համար, իրեն
- ↑ պռիչ փառթի - (անգլ.) թղթախաղի մի տեսակ (դրա մի պարտիան)