սկսա պատրաստել իր վրա, ջատագովիչ վեպը. բոլորովին տարբեր անկե, որ մահազդին առջև կանգ առնող անցորդներու կցկտուր խոսքերեն կը կազմվեր:
Կը խորհեի ինքնիրենս, որ զոհ մը ըլլալ կը վայլեր այս գեղանի մեռելին, և ոչ այն անարգ ու հերատուկ [1] կինը, զոր վայրկյան մը առաջ դատափետեր էին: Չճանչցված էակը ըլլալ, զոր իր ամուսինը, իր անհասկացողությամբը թերևս, խորտակած էր առջի ձեռք դպցնելուն, այն քնքուշ, դյուրաբեկ ու նրբարվեստ առարկաներուն պես, որոնց խիստ հպում մը՝ մահը ու խորտակումը կ՚ըլլա իսկույն:
Ես իմ վեպիս առջի գլուխն էի դեռ, էրկանը դաժան, գրեթե բարբարոս նկարագիրը կը շինեի մտքովս, երբոր հուղարկավորները, գերեզմանատուն տանող կառքերեն մեկուն մեջ հրամցուցին զիս: Ո՞վ էի ես. ինչ ընելու եկեր էի հոս. այս բաները չխորհեցա այդ պահուն. ներս մտա հույնի մը հետ որ, բարեբախտ դիպվածով մը, ճանչվոր ելավ ինծի:
Մինչև գերեզմանատուն եկողները շատվոր չէինք. ութը տասը հոգի ամենքս:
Մյուսներեն, որոնք ազգականները ըլլալու էին հարկավ, ես քիչ մը ետև կեցեր էի՝ աչքի չզարնելու տարտամ ջանքով մը:
Բայց երբոր թաղման արարողությունը սկսան, այնքան այլայլեր էի արդեն, որ հեկեկալով կուլայի, առանց ալ մեկը սեպելու, իբրև թե ես տերը ըլլայի ննջեցյալին, ու արցունքներուս մեջեն, երբ փոսը կը դնեին մեռելը, դեռ կը հիանայի վրան:
Երբեք մահը ոչ ոք այդ աստիճան գեղեցկացուցած էր: Ո՛չ այն աշխարհիկ ու ցանկազարթույց աղվորությունը, որ այս կնոջ աղվորությունը եղած էր իր առողջությանը. այլ դեմքին վրա չքնաղ ու անմեղունակ արտահայտություն մը նախ, վճիտ ու պայծառ խղճմտանքի մը ցոլացումին պես: Ո՞վ ըսավ, որ հան
- ↑ հերատուկ - անամոթ, անպատկառ, ծամը կտրած (կին)