Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիներե ի վեր: Նիկողոս աղային բոլոր պատմությունն էր ասիկա:

Դեռ քսան տարու տղա մըն էր, երբոր Չարշը ելավ ստակ վաստկելու: Այն ամառը նոր դրացի մը եկավ իրենց մոտը: Այրի կնոջմե մը ու երկու աղջիկ զավակներե կըբաղկանար այս ընտանիքը. ունևոր էին, խոհարար մը և սպասուհի մը կը պահեին ասոնք. մայրը երեսունըհինգի մոտ, մեծակառույց աղվորություն մը ուներ և զվարճությունը կը սիրեր, իրենց գալեն երկու ամիս ետքը արդեն բոլոր դրացիներուն հետ մտերմացած էր ու ամեն իրիկուն հյուրեր անպակաս էին անոնց տունեն: Տարին մեկ երկու անգամ երեկույթներ ալ կու տային: Նիկողոս աղայի ծնողքին համար ճշմարիտ գայթակղություն մը եղավ այս դրացնությունը. նախ մանրամասն հարցուցին փնտրեցին անոնց ո՞րի կին, ո՞րի զավակ ըլլալնին, ուրկե գալերնին, նյութական կարողությունին: Անոնց զվարթ ու խոլ կյանքը ճիշտ իրենց քիթին տակը, իրենց անմռունչ ու մռայլամած կենցաղին դեմ անհաճ հեգնություն մը թվեցավ. հետո կինը, որ եկող գացող հյուրին ձեռքը կը թոթվեր ու ժպիտը պակաս չէր ըներ շրթունքին վրայեն, աղջիկները, որ իրենց մորը վարքը ունեին, այս ամենը վտանգավոր մերձավորություն մը կը կազմեին և զգույշ կենալու պարտքը կը դնեին Գևորգ աղայենց վրա: Մեկ երկու հեղ հազիվ այցելության գացին. Բեմպեն ու Նեկտարը այս խնդումերես ընտանիքեն բան չհասկցան. Նիկողոսին համար՝ այդ տունը երջանկության կոչումի պես անդիմադրելի բան մը ուներ. անոնց անդրանիկ աղջիկը, Սոֆիկը, իր բարձր ու նուրբ հասակովը, իր կապույտ և անույշ աչքերովը, ոսկի մազերուն ծփացող, վետվետող մետաքսովը զինքը բոլորովին գրավեց. ինքն ալ աղվոր երիտասարդ մըն էր, հազիվ վերի շրթունքը պերևեշտով մը մրոտած. երկուքն ալ իսկույն իրար սիրեցին, բայց Գևորգ աղային խոժոռ դեմքը շուտով այս լուսավոր պատկերը նսեմացուց: Անիկա նախ սա իմացեր էր, որ նորեկ այրի կինը շատ զուրցված կնիկ մըն էր, միջոց մըն ալ իր էրկնեն զատվեր