Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետզհետե ծանրացող մթության մեջ՝ դեմքը չէր տեսնվեր, բայց ձայնը՝ հեղձամղձուկ, խեղդվող, անհետացող մոլորանքի մը պես, վերջին անգամ նոր ույժով մը լռության մեջ կը թնդար, կամարե կամար կը թռչտեր:

Հոն եկողներեն մեկը խոսքի խառնվեցավ.

- Ես աղեկ գիտեմ, որ Նիկողոս աղան երկու զավակ ունի:

- Զավա՞կ մի ունի, փիճեր չըսե՞ք սըվոնց, ո՞վ կը ճանչնա ատոնք…

Հուզմունքեն ձայնը կը դողար ու պաշտոնյաներու ձեռքեն կը բռներ կնքելու գործողության դիմադրելու համար: Մեղմիվ, մարդիկը մեկդի կ’ընեին զինքը, համոզելով, որ իրենց պարտքը կը կատարեին ամեն բան կնիքի տակ դնելովնին, թե այդ գործողությունը մեկու մը իրավունքին վնաս չէր տար:

Բայց Նեկտար հանըմ կը համառեր, կ’ընդվզեր՝ իր կամքը ոևէ կերպով քալեցնելու վարժությանը մեջ վիրավորված, ու իր գեր ու կարճ հասակովը պատվարի մը պես կենալով երկաթե դրան առջև, անոր մուտքը արգիլելու գերմարդկային ջանքով մը ու ցասմնակոծ ատելությունը դարձնելով անոնց, որ այս դատը կ’ընեին իրեն դեմ:

- Այո, փիճեր, պարզ փիճեր անոնք…

Հետո մարելիք մը եկավ վրան, երեսը կապուտցավ, ծռմրտկեցավ. ջուր զարկին ու աթոռի մը վրա նստեցուցին զինքը. աչքերը գոց էին, բայց շրթունքը դեռ քիչ մը ատեն երերացին՝ շարունակելով թոթովել նախատինքը, մինչև որ գոցվեցան:

- Իջվածք է, - ըսին հոն գտնվողները:

Ու նորեն ժառանգությունն էր, ախտի ժառանգությունը այս անգամ, որ ստացվածքի ժառանգությունը այդքան սաստկությամբ պահանջող այս կինը միանգամ ընդ միշտ գոհացուց:

(1901)