Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չուներ. այն ատեն Սոֆիկ հանըմ դատարան դիմելու ելավ: Ժողովները ու դիվանները իրար անցան իսկույն, պահպանելու համար ամուսնության նվիրականությունը, որ վտանգի տակ ինկած կ’երևար իրենց աչքերուն:

Բայց արդարությունը այս կնոջական վայնասուններուն առջև տեղի չտվավ:

Դիպվածով ներկա գտնվեցա Մեծ Չարշիի դուռը, երբ Շերիի պաշտոնյաներ հանգուցյալին սենյակը կը կնքեին. իրիկվան ուշ ատեն էր ու մութը կ’իջներ տակավ, քարակոփ կամարներուն տակ կը թանձրանար, խույումճիները եկեր հավաքվեր էին այնտեղ:

Նեկտար հանըմը իմացեր, վազեր հասեր էր հոն՝ լեզու ու բերան կտրած. բոլոր էսնաֆությունը իր ավանդական մոլոր վարդապետություններովը, կեղծիքով ու շահով շինված բարոյականովը այս պառված աղջիկով կը ներկայանար, հայերեն-տաճկերեն խառն ի խուռն հիշոցներով լեցուն լեզվագարությամբը: Կը խոսեր ան, պաշտոնյաները համոզել կը ջանար. ու անոնց անկարեկիր ու անտարբեր դեմքեն չկրնալով քաջալերություն գտնել, հոն ժողվված արհեստավորներուն կը դառնար, վկա կոչելով զանոնք իր դատին արդարությանը, քրտնաթոր, լեզուն դուրս ինկած, գրեթե հեկեկալով:

- Ես Նիկողոս աղային հարազա՜տ, էոզ[1] քուրն եմ. կը ճանչնաք խույումճի Նիկողոս աղան:

Բազմությունը կը մոտենար, հետաքրքիր կռիվ մը դիտելու, վեճի ունկնդրելու համար:

- Հորմես մնացած է այս բոլորը, - կը պոռար անիկա, - Գևորգ աղայեն. եկեր ախպորս սենյակը կը կնքեն, ի՜նչ իրավունքով. ես ու քուրս, մեյ մըն ալ եղբորս զավակը ժառանգորդ ենք. այս է օրենքը. հիմա ելեր սուտ զավակներ կը հնարեն կոր. աս ի՜նչ անպատվություն իմ ախպորս. լուսահոգին աղա մարդ էր, անանկ բան չէր ընդուներ:

  1. էոզ - (թուրք.) հարազատ