Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիմա երիտասարդը ալ ավելի կը համառեր, անդրդվելի կը մնար իր սիրույն մեջ: Տարօրինակ տեսարան մըն էր այս տղուն կյանքը, որ իր տոմարներուն մեջ թաղված, հավատարիմ իր առջի սիրույն, դեռ այս կինը կʼերազեր ու անոր կը ցանկար ամեն վայրկյան. ոչ ամուսնությունը, ոչ չքավորությունը, ոչ գեղեցկության կորուստը մազի չափ էին դղրդած և տկարացուցած իր սիրույն հաստատուն ու զորավոր շենքը:

Վեհանձնության, ասպետական հավատարմության պարտք մը կը համարեր ձախորդության, անկման ժամանակ չլքել իր սիրույն առարկան. ընդհակառակը՝ վաճառատան մեջ զինքը չորս կողմեն շրջապատող ապշեցուցիչ թվանշաններուն մեջ՝ իր բանաստեղծի երևակայությունը կը գրգռվեր:

Գրչին տակն էին այն մեծամեծ գումարները, որոնք վայելքներու աշխարհներ կը նշանակեին. հարյուր հազարավորներ իրարու վրա բարդելով կամ իրարմե զեղչելով ոսկիի դեզեր կը խառներ իր տոմարներուն մեջ, ինչպես միջին դարու ալշիմիսթ[1] մը իր ատրաշեկ[2] հալոցին մեջ: Օրն ի բուն գրչի մեկ հարվածով կը հարստացներ կամ կը փճացներ այն հեք արարածները, զորս ինք ստեղծած ու կնքած էր Մայր–Հաշիվին ամեն մեկ էջին գլուխը, Ընդհ. Ապրանք, Սնտուկ, և որոնց վրա, ամենահզոր նախախնամության մը նման, կը խրոխտար:

Ի՜նչ կʼըլլար, եթե այս բոլոր հիացուցիչ գումարները, որոնք իր գրչին տակեն կʼանցնեին շարունակ, մարմին առնեին հանկարծ, չքավորության մատնվող սիրուհիի մը ընծայելու արժանի կյանք մը շինելու համար:

  1. ալշիմիսթ, ալքիմիկոս - ալքիմիայով զբաղվող մարդ
  2. ատրաշեկ - կրակի մեջ տաքանալով շիկացած. շիկացած երկաթի գույն ունեցող