Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ե.

Թարլա-Պաշըի անձուկ ցեխոտ փողոցներեն մեկը. քարուկիր տուներու խիտ ու հոծ շարք մը, կարգով կեցող դպրոցականներու գիծի մը կամ քով քովի սեղմվող մսկոտ հավերու երամի մը նման. հազիվ հինգ կանգուն լայնքով տուն մը, որ իր երկու քովի պատերուն մեջ ճզմվելուն համար կարծես վե՛ր վե՛ր կʼելլէ շարունակ. բաց դուռնեն՝ կերակուր եփելու հոտ մը կը ծավալի դուրսը, ներսը, բակին մեջ, սանդուխին վրա, որ մութին մեջ կը կորսվի:

Դեմ դեմի երկու սենյակ առաջին հարկը կը կազմեն. այսպես ալ բոլոր մյուս հարկերը. իրական սեֆեր թասի[1] մըն է այս տունը. ու կʼելլես վեր, հարկ մըն ալ վեր, և ուրիշ հարկ մըն ալ, առանց հաջողելու կատարը հասնիլ. Պ. Փափազյանի «Վերելքն հԱրարատ»–ը:

Ամեն սանդուխին վերջանալուն՝ որ սահմանագլուխ մը կը նշանակե, լեզուները, դեմքերը կը փոխվին. հունարենով կը սկսիս՝ գերմաներենե, ֆրանսերենե, տաճկերենե անցնելե հետո հայերենին քով շունչ առնելու համար: Հոս՝ ծեր հելլենուհի մը, հոդ՝ մանկամարդ հայ հռոմեական կին մը, ամեն տարիքներ ու ամեն տարազներ, որոնցմէ կʼանցնիս անսայթաք, հոն, վերը, Սերվինազի սենյակը մտնելու ջանքով:

Այդ սենյակը պետք է տանիքին անմիջապես տակը գտնվի. բայց որքան ալ բարձրանաս, երբեք բացարձակ վստահություն չկա հոս, վրադ դեռ ուրիշ հարկ մը չունենալուդ:

Երկու պատուհաններեն կը տեսնվի Թաթավլան Փերայեն բաժնող ձորը, որուն զառիվայրի տուներուն երկարող կարգերը հետզհետե իջնող լայն սանդուխ մը կը ձևացնեն:

  1. սեֆեր թաս - (թուրք.) իրար մեջ հագցրած ամաններ. ամանաշար