Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա.

Էմման հայ հռոմեական կին մըն էր, եվրոպացիի մը հետ ամուսնացած. գեղեցի՞կ, չեմ գիտեր շիտակը. ո՛չ, գեղեցիկ չէր ան, գեթ արվեստագետներուն սահմանած գեղեցկությամբը:

Թուխ դեմքով սևաչվի մը, հոյաշեն կառուցում մը, որուն լանջքին ու բարձերուն զեղծանող, շռայլվող կարկառները պակասություն մը պիտի ձևացնեին, եթե հասակին բարձրությունը չըլլար:

Հոն՝ ուր իր մասնավոր պչրանքը կը դներ այս կինը, իր ոտքերն էին, միշտ նոր պոթերու[1] մեջ ամփոփված ոտքեր, որոնց նրբավարտ մատներուն ծայրերեն մինչև սրունքին դնդղուց միսը բարձրացող ու գրկող նուրբ կաշին երևան կը հաներ ան, անպատկառ հրճվանքով մը, փողոցի փոշիեն կամ ցեխեն չաղտոտելու համար, պետք եղածեն ավելի վեր՝ շատ ավելի վեր հանգրիճելով[2] իր շրջազգեստը:

Այս ոտքերը բանաստեղծներուն երգած փոքրիկ ու մանկական խաղալիքները չէին, այլ իր մարմնեղ ու հասուն կնոջ - ըսի՞ միթե, որ երեսունը անցուկ էր անիկա - համեմատություններուն կը պատշաճեին, իրենց գիծերուն զմայլելի ներդաշնակությանը մեջ միայն հայտնելով իրենց ուրույնությունը:

Էմմային դեմքը վերլուծող մը, այն հատուկ գիտության կանոններուն համեմատ, որոնցմով կ’ըսեն թե մարդկային հոգվույն մինչև խորը կը թափանցեն, վախեն պիտի կենար. այնքա՜ն պակուցիչ ու ահավոր բան մը պիտի գտներ այս անմեղ ու մանկունակ երեսին վրա:

Աղջիկ ատենը Օրթագյուղի մեջ շատ տեսած էի զինքը. հիմա, շատ մը տարիներ անցնելեն վերջը, երբեմն Փերայի Շիտակ ճամփուն վրա կը հանդիպեի

  1. պոթ - երկարաճիտ կոշիկ
  2. հանգրիճել - այստեղ՝ զգեստի քղանցը ամփոփել, զգեստը հուպ տալ, սեղմել