Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրեն. ամառները Թարապիա կամ Փրինքիփոյի մեջ, ուր կու գար միշտ էրկանը հետ. կը տեսնվեր և աներևույթ կ’ըլլար իսկույն:

Էմմա անոնցմե չէր, որ ամիսներով տեղ մը կը կենան, այնպես որ զինքը տեսնելու ստուգությունը ունենաս: Այլ այն վաղակորույս և ճիշտ ատոր համար փնտրված հետաքրքրող ու երբեք չգոհացնող կնոջական տեսիլքներեն մեկն էր, որոնց էրիկ մարդիկ անձկաբեկ կը սպասեն: Հորիզոնին վրա անակընկալ կերպով ծագող ու անհետացող լույսերեն մեկը՝ որոնց շավիղը Լը Վեռիե մը, աշխարհիս բոլոր անհունական հաշիվները մեկտեղ բերելով, չէ կրցած դեռ ճշտել:

Ես, որ դիմագուշակ հարցուկի հովեր կ’առնեմ երբեմն, ամեն հեղ իրեն հանդիպելուս կը ջանայի, ինքնիրենս, իր գոյության առեղծվածը, իր աղիտաբեր արարածի կյանքին ալքերը պրպտել: Տեղ մը իրեն հանդիպելու, հետը տեսնվելու համար հնարք մը չստեղծած դեռ, կը ձգեր կ’երթար ան, կարծես շատ իսկ սեպելով, իր վրա հիացողներուն համար, իր տեսքին քանի մի ժամվան վայելքը:

Բ.

Էմման ամուսնացած էր, շատ երիտասարդ ամուսնացած, քանի որ իր զավկըներուն էն մեծը հազիվ տասներեք տարեկան կար հիմա, թխադեմ տղա մը, ճիշտ մորը աչքերով:

Իր ամուսնության պատմությունը հետաքրքրական ու մասնավոր բան մը չուներ: Աղվորությանը համար միայն առեր էր զինքը էրիկը, նիհար ու հիվանդ– կախ մարդ մը, ժանգոտած պղնձի դեմքով, որ չհափրացող ցանկության մը վայելքը փնտրած էր միայն այս ամուսնության մեջ: Էմմա, իբր ճշմարիտ հայ հռոմեական աղջիկ մը, եվրոպացիի մը հետ ամուսնանալովը իր և իր ընտանիքին բաղձանքներուն կատարը հասած էր:

Ճշմարիտ սիրով մը կապված էր էրկանը հետ, տարիներով ու անձնվիրությամբ խնամելով զայն գթության քրոջ մը պես, առանց տրտնջալու և ուղիղ