Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես առիթ չունեցա զինքը տեսնելու բոլոր այն ամառը, իմացա սակայն, որ իր ծնողքեն զատվելեն վերջը Էմմայի հետ միջոց մը Յագաճըգի կողմերը գացեր էր. հետո, տեղի տալով իր սիրած կնոջ հարափոփոխ պահանջումներուն, վերսկսեր էր անոր հետ աստանդական կյանք մը գյուղագնացության, ութ օր հոս՝ հինգ օր հոն և այսպես մինչև աշունը պտտելե վերջ Փերա եկեր էին ձմեռը անցընելու:

Դ.

Օր մը, բնավ մտքես չանցած մեկ վայրկյանիս, գրասենյակես ներս մտավ ան. տիրաբար, չսպասելով գրագրիս հրամցնելուն, երկար ճամփու մը հոգնութենեն պարտասած մեկու մը պես աթոռի մը մեջ ինկավ. հետո՝ դեռ ինծի բան մը չըսած՝ խահվե մը ապսպրեց ինքզինքին և սիկառեթ մը վառեց:

— Քենե ուրիշ մեկը չունիմ իմ սիրտս բանալիք,— ըսավ ինծի դողդոջուն ձայնով մը,– այն վայրկյանին, ուր ամեն ինչ կ’երերա ու փլչելու մոտ կ’երևա շուրջս, անխախտ՝ քու բարեկամությունդ միայն կը տեսնեմ ու քեզի կ’ապավինիմ:

Այս ձայնը զարմացուց զիս. երեսը նայեցա աղեկ մը. որքա՜ն փոփոխություն. քանի մը ամսվան մեջ նիհարցեր ու վատեր էր. տենդի կարմրությունը իր այտերը կը շառագուներ:

- Ինծի պատահածները հարկավ գիտես, - շարունակեց անիկա, - ատեն չկա, որ երկար բարակ պատմեմ քեզի զանոնք. Էմման էրկընեն զատվեցավ, այր ու կնոջ մեջ փոխադարձ հոժարության գործ մը եղավ ասիկա, իրենց ամուսնությանը պես. իրենց շահերը, իրավունքները, ամեն ինչ ճշտած, որոշած են. զավկըները իրենց հորը քով կը մնան ու մայրը իրավունք ունի ուզած օրը զանոնք տեսնելու առանձին: Դատարան մը ասկե աղեկ չպիտի վճռեր:

Ուրեմն իմ բաղձանքիս լրումին մեջն եմ հիմա. ասո՞ր համար արդյոք աշխարհիս ամենեն ապերջանիկ մարդն եմ: Ի՞նչ տարօրինակ սեր է իմինս, որուն