պաշարող կյանքի կարգն ու սարքը, ընտանեկան ավանդությունները, ատոնց բոլորին վրա ելեր նստեր էր, ամուսնացած ու զավկի տեր կին մը առևանգելու ու անոր հետ ապրելու չափ առաջ երթալու համար:
Երբոր այս լուրը առի, վեղարը ու սքեմը նետող վանականի մը նմանցուցի զինքը, այնքա՛ն ավելի հոխորտ իր ըմբոստությանը մեջ՝ որքան խստակրոն եղած էր իր հավատքի ժամերուն:
Բնություններ կան, որոնք ջուրին թույլ ու մեղկ հնազանդության երևույթը կ’ընծայեն. բայց ջուրին կաթիլներուն միօրինակ ու անփոփոխ աշխատությունը լռելյայն կը կատարեն անոնք, մեղմիվ, հեշտորեն մաշեցնելով զիրենք շրջապատող քարերը ու ժայռերը և ծակ մը, անցք մը բացվելուն՝ հեղեղի մը պես դուրս կը թափին:
Այս երիտասարդինը այդ կարգեն էր ահա. ինքնիրենս այս խորհրդածությունները ըրի միայն: Այս առևանգությունը սակայն ընդհանուր խոսակցության նյութը եղավ. կիները իրենց մաղձոտ չարախոսությունները դուրս թափեցին. այս կնոջ՝ էրկանը դեմ ցուցուցած անհավատարմությունը քարկոծեցին, զինքը ձեռքե ձեռք հափշտակել ուզող էրիկ մարդոց ճաշակին վրա ալ շատ մը խնդացին. գոնե գեղեցիկ կին մը ըլլար անիկա. սև ու նվաղուն աչքեր ուներ ան. ո՞վ սև աչք չունի Պոլսո մեջ. իր միսի աղվորությունը, իր արդուզարդին շքեղությունը, ասոնք էին բոլոր հրապույրները, որոնց առջև ահա մարդիկ կանգ կ’առնեին:
Երիտասարդին մասին էրիկմարդոց դատավճիռը նվազ խիստ չէր: Հանրային կարծիքը այն ատեն մանավանդ կ’որոտա ու շանթեր կը տեղա, երբոր իր ամենեն խարխուլ ու կեղծիքով միայն ոտքի վրա կեցող սկզբունքներեն մեկուն դեմ է մեղանչումը:
Իմ բարեկամս, մեկ օրեն մյուսը, ամենեն անշնորհ ու անառակ երիտասարդի հռչակը ստացավ. իր անհատական կյանքը քրքրվեցավ ծայրե ծայր ու լեցուն գտնվեցավ արատներով:
Պանքային մեջ անգամ իր խղճամիտ պաշտոնյայի դիրքը կորսնցուց. հառաջադիմության հույսերը մարեցան և մտերմական բարևները գլխու հարևանցի շարժումներու փոխվեցան: