Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հարցումին վրա նոր սիկառեթ մը վառեց անիկա:

Ե.

- Դուն նախ պատմե ինծի, ի՞նչպես ճանչցար, ի՞նչպես ձեռք ձգեցիր այս կինը, - պատասխանեցի իրեն, - միայն մտմտուքնե՞րդ ըսելու եկար հոս. ի՛նչպես և ինչո՛ւ կը սիրես զինքը. ես որ երբեք սիրած չեմ, հետաքրքիր եմ ատոր:

- Սիրեցի զինքը անոր համար գուցե, որ հազարումեկ պատճառ ունեի չսիրելու համար, այո՛, հազարումեկ. իմ կյանքս, իմ սկզբունքներս, իմ ընտանեկան վիճակս, ասոնք բոլորը մեկ կողմեն, այս կնոջ բոլոր կյանքը մյուսեն, իրեն մոտենալն անգամ կ’արգիլեին ինծի:

Փրինքիփոյի մեջ հանդիպեցա անոր, միևնույն պանդոկը գտնվեցանք դիպվածով, ու դրացի իրարու: Պզտիկուց գիտեի Էմման, բայց բոլորովին մոռցեր էի զինքը. ո՜րչափ գեղեցկացեր էր մեծնալով: Առջի տեսած վայրկյանես ամենեն բուռն տպավորությունը ըրավ վրաս:

Իրիկունը, ճաշեն ելլելնուս, - անիկա էրկանը ու տղոցը հետ մասնավոր սեղանի մը վրա կ’ըներ ճաշը,- պարտեզին մեջ մինակը կը պտտեր. վարանոտ քալվածք մը ուներ, ու ձեռքի անգիտակից շարժումով, որ վարժություն եղած է ա՛լ իրեն համար, իր սանտրած մազերուն կարգեն կանոնեն փախչելով ճակտին վրա իյնող պզտիկ գանգուրները կը շտկեր:

Մինակը ծառերուն տակ շրջագայած ատեն անթափանցելի խորհուրդներու մեջ ընկղմած կը թվեր. տրտմության քողք մը, այն ամառ գիշերին ստվերներուն պես թափանցիկ ոտքեն գլուխը կը պարուրեր այս աղվոր կինը, ինչո՞ւ համար տխուր էր արդյոք. ինքնիրենս ըրի այս հարցումը. քովես անցնելուն՝ մեր նայվածքները իրարու հանդիպեցան. կարծեմ թե բացահայտ զմայլանք մը կարդաց իմինիս մեջ, ոևէ զարմանք կամ ուրախություն չցուցուց ասոր փոխարեն. միայն հանդարտ ուշադրությամբ մը և առանց քաշ