Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վելու ինքն ալ զիս դիտեց, անկե վերջը՝ ամեն անգամ իրարու պատահելնուս՝ այս նայվածքը չպակսեցուց վրայես, անթարթ կերպով սևեռած ու տրտում նայվածք մը, մինչև սրտիս խորը իջնելու ակներև մտադրությամբ:

Ես՝ ներսես՝ այս անտեղի սիրույն հետևանքները կը հաշվեի ու իմ բոլոր արիությանս կոչում կ’ընեի ազատելու համար անոր հմայքեն. անիկա, կարծես զգալով խուլ պայքարը, որ կը մղվեր հոգվույս մեջ, ա՜լ ավելի լուռ պչրանքով կը սևեռեր իր նայվածքը վրաս, մարելու մոտ կանթեղի մը մեջ յուղ թափելու պես:

Այս եղավ մեր սիրույն սկիզբը: Էրիկը սակայն հիվանդ էր միշտ. կանոնավոր կերպով շաբաթվան մեջ օր մը կամ երկուք իր սենյակը մնալու ստիպված էր ցավին սաստկացած միջոցին և իր կինը քովը կը հսկեր, թողլով իր զավակները սպասավորի մը հսկողության:

Չէի սիրեր այդ մարդը:

Աննկարագիր, անպատկառ ու ամեն բան հեգնող մարդոցմե մեկն էր, որոնց առջև ամեն ընկալյալ կանոններ միամտություններ կը համարվին:

Լուսնի գիշեր մը որոշվեցավ, որ պանդոկին բոլոր հյուրերս կղզիին շրջանը ընենք: Ոմանք կառքով՝ ոմանք էլ էշ հեծած ճամփա ելան:

Փրինքիփոն զինքը շրջապատող կապույտ ծովին վրա կը ցոլացներ իր սաղարթախիտ բլուրները, իր վիլլաներուն գույնզգույն երեսները, իր պարտեզներուն երփնագեղ կանանչությունները: Ու անհուն հայելիին մեջ, որ այս աննման կապույտեն կը ձևանար, այս բոլորը կը դողար, կը սարսռեր ալյակի մը վեհերոտ տատանումին հետ:

Աջեն ու ձախեն բարձրացող երգերու ժխորովը Տիասքելո հասանք: Հոս լուսինը իր բոլոր պայծառությամբը կ’ողողեր պզտիկ սարահարթը. Փենտիքի եզերքեն՝ ուրկե կը բարձրանար, աննշմարելի վերելքով մը, ադամանդի կոտրտուքներով հարդարված լուսեղեն պողոտա մը ծովուն վրա կ’երկննար, կը փալփլեր, կը լայննար, կը նեղնար շարունակ:

Բազմության մեջ տեսա Էմման, որ վար իջած կառքեն, Խրիսթոս տանող մեծ ճամփուն կողմը կ’եր