թար մինակը. այս ժամուն բոլորովին ամայի էր այդ տեղը, նոճիներուն շուքովը պատսպարված:
Գիտես որ ձեռներեց մեկը չեմ ես, բայց ութ օրե ի վեր այս կինը այնքա՜ն լուռ պչրանքով պաշարեր էր հոգիս, որ իրեն հետ խոսելու փափագին դիմագրելու անկարող էի ա՛լ:
Հոդ, այդ ճամփուն վրա, զոր կարծես ինքն ալ հարմարագույն վայրը դատեր էր, խոսեցա հետը առջի անգամ:
Սև մետաքսե քոռսաժ մը ուներ, այս օրվան պես միտքս է, և վեր ժողված ճերմակ պատմուճանին ժյուբեն տանթելներու[1] եռևեփը ու փրփուրը դուրս կը ժայթքեր: Ինքը կ’ունկնդրեր ինծի շարունակելով ժողվտուքը իր ճակտին անհնազանդ մազերուն, մատը բերնին դնելով երբեմն, խոհեմություն պատվիրելու դիրքով, բայց որոշ ու մեկին պատասխան մը չտալով երբեք:
Այսպես իր վրդովիչ կնկան դերին մեջ էր, զոր Սենքիևիչ, իրավամբ, Բիզայի աշտարակին կը նմանցնե, ծռելով միշտ՝ բայց չիյնալով բնավ:
Իր ձեռքը, զոր համբույրներով ծածկեր էի, քաշեց հանկարծ ուժով. մեր կողմը եկող ոտնաձայն մը լսեր էր. վայրկյան մը սպասելե ետքը մեր վախը ի դերև ելավ. վարեն՝ միայն երգի եղանակներ կը հասնեին մեզի:
Հոս, անտառին խորը, գիշերը իր վճիտ անդորրությանը մեջ շքեղ էր, բյուրեղի մը ջինջ պայծառությունը հագցնելով ամեն առարկաներուն:
Ծառերու երկար շարքը՝ իրենց պոչերուն վրա հանկարծ կանգնած անհամար օձերու բանակ մը կը պատկերացներ, խայտաբղետ շապիկներով վիշապներ, մեր սերը, մեր երջանկությունը դիտող նախանձոտ աչքերու պես, պաշարելով մեզ չորս դիեն: Գետինը ծածկող տերևներուն խշրտուքեն զատ ոչինչ կը խռովեր մեր կարճատև առանձնությունը:
Էմման ինքը սթափեցուց զիս, ըսելով.
- Դառնա՛նք:
- ↑ ժյուբեն տանթել — (ֆրանս.) կանացի ժանյակավոր շապիկ