բարոյական մըն է. ես այս բանաձևը գարշելի կը համարեմ: Բոլոր խնդիրը իր ըրածին պատասխանատվությունը ընդունելու և չընդունելու վրան է: Մեկը՝ թողլով ամուսնական հարկը, ինքզինքը չի պաշտպաներ այն հարվածներեն, որոնց արժանի՞ է թե ոչ, չեմ գիտեր, բայց որոնց ապահովապես կ’ենթարկվի: Մյուսը՝ դիմածածուկ կինը՝ պարկեշտ ամուսնի պատրվակը երեսին վրա, բարևներու ու մեծարանքներու և մաքուր կնոջ տիտղոսի կողոպտումին մեջ կը զայրացնե զիս:
Ու դառնալով իր մտատանջությանը, բարեկամս ավելցուց.
- Ըսի որ հիմա Էմմային սիրտը կորսնցնելե զատ ոևէ վախ չսպառնար ինծի, մտացածին սարսափ, որ հիվանդ երևակայությանս ծնո՞ւնդն է. այսպես չէ սակայն, ես այն հազարումեկ չնչին նշաններուն անձկությամբ կը հետևիմ, որոնք մոտալուտ կը ցուցնեն ասիկա: Նախ Էմման մտամոլոր ու շվարած բան մը ունի. շատ հեղ խոսակցության մեջ մտքով բացակա է ու հազիվ հազ մեկ խոսքը կրկնելուս կ’ուշաբերի, գեշ նշան, հետո իր արդուզարդին միշտ խնամոտ, հիմա մանավանդ ծայրահեղ մարմնապաշտությամբ մը իր բնական շնորհներուն ուշադրություն կ’ընե. ավելի գեշ նշան, ինծի հետ՝ իր սովորության հակառակ՝ քծնող ու ներողություն խնդրելու պես ձևեր մը ունի միշտ. ասոնք լիովին կ’ապացուցանեն ինծի ներկայությունը այն մյուսին, որ ինե երջանկությունս կը հափշտակե:
Կը խորհիմ մանավանդ, որ Էմման՝ ինծի համար իր էրիկը ձգելեն վերջը՝ կարող է զիս ալ, ուրիշի մը սիրույն, ձգել: Թող ձգե զիս. բայց պիտի գտնվի՞ մեկը, որ ինծի պես ու ինծի չափ գիտնա սիրել զինքը. դյուրին ու դժվարին բան միանգամայն, անիկա ինծի համար միայն գեղեցիկ կինը չէր, որուն կը տենչան, այլ մարմնացումը ամեն մարդկային երազներու, կը հասկնա՞ս: Ո՞վ ինե զատ այս ըմբռնումով պիտի ծնրադրե իր առջև. ռամիկ հեթանոսներն էին միայն, որ ատենով կուռքերը կը պաշտեին իբրև նյութ. մյուսները երկրպագած են անոր միայն՝ իբրև խորհրդանշանը գերագույն զորության մը: Այսպես ալ ես Էմմային դեմը: