Ես սրտապնդեցի հեք տղան. իր խանգարած երևակայությունը հանդարտեցուցի:
- Որովհետև Էմման ատեն-ատեն մտմտուքներ ունի եղեր՝ չի հետևիր ատկե, որ անպատճաո նոր հոմանի մը ունեցած ըլլա. քեզի համար իր ըրած զոհողությունները ամեն տարակույս վանելու չափ մեծ բաներ են անխելքություն է ուրեմն միտքդ չարչարել անգո ոսոխի մը կսկիծովը, բայց այդ վիճակդ էապես երջանկության հատուկ վիճակն է, այն է՝ չկարենալ անխառն վայելել զայն: Սիրե՛ Էմմադ և ուրիշին վրա մի՛ խորհիր: Մի խորհիր մյուսին վրա:
Համոզվեցավ քիչ մը. հետո,
- Խրատ մը կ’ուզեմ քենե, քանի որ հատկապես ատոր համար եկա գործի օր մը այսպես ժամերդ գրավել. կ’ուզեմ այս կասկածի մթնոլորտեն դուրս ելլել, և եթե կարելի է հասկնալ իմ ենթադրություններուս անճիշտ ըլլալը:
- Խրատը, - պատասխանեցի իրեն, - հարցումիդ մեջն է. դժվար բան մը չէ Էմմային պես կնոջ մը ուր երթալ գալը հասկնալ:
Չկեցավ ալ քովս. ձեռքս թոթովեց ու գնաց: Տասնըհինգ օր հազիվ անցեր էր, իրիկվան մը դեմ եկավ նորեն. բերանը կղպված էր:
- Ի՞նչ կա, ի՞նչ ունիս նորեն:
Ան ատեն խորունկ ու ցած ձայնով կամաց-կամաց սկսավ պատմել.
- Քանի մը օր շարունակ լրտեսեցի զինքը. Էմման շաբաթը երկու անգամ առնվազն զավակները տեսնելու կ’երթար էրկանը տունը ու ժամերով կը մնար հոն. բան մը չկար ստգտանելի[1] այս վարմունքին մեջ: Ատկե դուրս՝ պզտիկ գնումներուն համար՝ Փերայի վաճառատունները կը մտներ, ու ոչինչ ատոնցմե զատ. իր կյանքը հստակ կանոնավորությամբ կը ճշտվեր և խիստ մոտ էի հիվանդոտ երևակայությանս վրա ծիծաղելու, երբոր շաբաթ մը առաջ տեսա Էմման իր
- ↑ ստգտանելի - մեղադրելի, դատապարտելի