Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սնտուկը, ծանրացած դագաղի մը պես, վրան վազեցինք դիակեր ագոավներու երամի մը նման:

Հիմա Թագուկ տուտուն իր նստած անկյունեն կը դիտեր մեզ առանց նեղանալու, ակնոցը հաներ աչքեն ու բարձին վրա դրեր էր ձեռքի ասեղնագործությունը, ինչ որ շատ կարևոր պարագաներու մեջ միայն կը պատահեր:

Իր բոլոր կյանքը, կարգով կանոնով այդ սնտուկին խորը խնամով զետեղված, շարված, դուրս կելլեր հետզհետե, երկար շղթայի մը օղակներուն նման, որուն ծայրը՝ ծովին հատակը նետված երկաթին պես, մինչև իր երիտասարդության կերթար կը հանգեր։ Եվ որքան կիջնեինք խորը, կը մոտենայինք հատակին, օդե ու լույսե զուրկ մնացող այդ բոլոր նյութերուն հոտը սաստիկ ու կծու կուգար մեզի, քառասուն տարի առաջվընե պահված հոտ մը։

Հարության և վերակենդանության կոչված այս ամեն առարկաները սեղմված թանգարանի տպավորությունը կը ձգեին վրանիս, ու գովեստները չէինք զլանար տնօրենին, իր ճաշակին նրբության ապացույցը հոս ալ տեսնելով։

Ամբողջ շարք մը կը սկսեր, ցուցահանդես մը հին ատեններու պերճանքին, մեծարժէք կերպասներու, վառ ու պոռոտ¹ գույներով, որոնք հիմա գործածական չեն, էնթարի² շալվարներ Պրուսիայի կազե շինված, գույնզգույն տիատեմներ, հաքիկ³ մատնիներ, սանտրեր, գլխու ասեղներ, բաղնիքի թաս մը. ու հետո, չգիտցողին հասկցնելու համար Թագուկ տուտուին ջերմեռանդ հռոմեական մը ըլլալը, - ինչ որ մենք գիտեինք արդեն, - ամբողջ ու կատարյալ հավաքածո մը հոն՝ Հիսուսի աստվածածնի փոքրիկ գունավոր պատկերներու, համրիչներու ու Վենետիկ տպված փոքրակազմ ադոթագիրքերու:

¹պոռոտ - այստեղ շատ շքեղ, շլացնող, ճչացող ²էնթարի - (թուրք.) կանացի լայն և երկար զգեստ ³հաքիկ - (արաբ.) սարդիոն (թանկագին քար) 294