Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ա.

Արտորալով կ'անցներ փողոցեն, տենդոտ ձեռքովը ուժգին սեղմելով կլորցած թուղթի պզտիկ գլաններ, որոնք իր տալիք դաշնակի դասերուն տետրակներն էին:

Մտազբաղ, ակնարկը մոլորած, անհասկնալի եղանակներ մրմնջելով քիթին տակեն, կ՚անցներ զմայլած ու զվարթ դեմքով, որ իր հոգեկան երանության ճշմարիտ ցոլացումն էր:

Մյուսյու [1] Սեֆերյան այն իրապես երջանիկ մարդն էր, զոր հոռետեսները կը փնտրեն ու չեն գտներ: Երջանի՞կ. ինչու չըլլար. աղքատ կոշկակարի զավակ, ինքնօգնությամբ, ձրի աշակերտներու վերապահված զրկումներով մեծցած, առաջ եկած տղա՝ որուն հոգիին անեղծանելի ու ազնվական մետաղը չէր ավրված ճղճիմ ու ողորմելի կյանքի տագնապներեն:

Իր աչքին… բայց իր աչքը դարձա՞ծ էր երբեք իրական կյանքի վրա, անջատվելով այն հորիզոններեն, ուր սևեռած էր միշտ, իր գոյությունը մշտնջենական պատրանք մը եղած չէ՞ր. սիրո, անձնվիրության, առաքինության, ամեն կերպ ազնիվ զգացումներու գիրկընդխառնում մը չէր կյանքը. վսեմ նվագներու փոփուռի [2] մը. գեթ այսպես ըմբռնած էր ինք կյանքը և չէր զղջացեր:

Ո՞ւսկից ուր, ազգային վարժարաններու մեջ ստացած թերի ուսումեն անցեր էր դաշնակի սեր տալու. ի՜նչ աներևույթ թելով իր անձուկ միտքը, իր անդորր հոգին երաժշտության անսահման ու վրդովյալ երազներուն կապված էր:

  1. մյուսյու — (ֆրանս.) պարոն
  2. փոփուռի, պոպուռի — զանազան երաժշտական ստեղծազործությունների կտորներից կազմված երաժշտական ստեղծագործություն