Բիրտ ու կոպիտ գիծերեն, որոնցմով իր մանկությունը, իր պատանությունը կը ձևանար, հիմակվան գեղարվեստի, բանաստեղծության շնորհալի շրջագիծը շինված էր, որ իր հեզ ու համակերպիկ դեմքը կը պարուրեր. այն թուփի ու մացառի չորաբեկ ու վտիտ ճյուղերուն պես, որոնցմով հորինված շրջանակ մը երփներանգ ծաղկեպսակե մը ավելի պճնագեղ կ՚ըլլա երբեմն:
Երաժշտությունը զինքը գրավող առաջին հուրին եղավ, անկայուն ու հարափոփոխ դեմքով կին, որ ուզված, ըղձացված պատկերը կը զգենու [1] ամեն վայրկյան, տեսակ մը մանանա [2], որ փափագված ամեն համը, ամեն հաճույքը կու տա:
Իր դյուրահավան սիրտը շուտ մը կը կապվեր այս երաժշտության նվագողներուն մեջեն իր աչքին երևացող կիներուն, համոզումով ու անկեղծությամբ ինքնիրեն փեսա ըլլալով շարունակ, անուշ խոսքի մը կամ սիրուն ժպիտի մը տպավորությունը պահելով, սնուցանելով, մեծցնելով իր հեք սրտին մեջ, հնչուն ու կույս քարանձավի մը պես, որուն մեջ ինկող հետին մրմունջը՝ հարուցած անհամեմատ արձագանքովը կ՚երկարաձգվի ու կը բազմապատկվի:
Գթացողներ ու ծիծաղողներ միայն կային իր շուրջը. ի՜նչ ծաղու նյութ, քան այս տարօրինակ երջանիկը. հպարտ չքավոր մը չէ՞ր արդյոք, որ իր ողորմելի վիճակը՝ հայտնի սնափառությամբ՝ քողարկել կ՚ուզե: