Ու դաշնակցություն մը կը սկսեր իր բոլորտիքը. կատակի, խաղի, ծաղրի դաշնակցություն, որ այս մարդուն միամիտ սիրահարի ձևերովը պիտի զբոսնուր:
Վախցվելու մեկը չէր, որուն ներելի չէ խաղ ու կատակ ընել, այլ այն անտրտունջ վշտատեսներեն մեկը՝ որոնք կարծես հազվագյուտ խաղալիկներ, զվարճության առարկաներ ըլլալու սահմանված են:
Ինքը՝ բնավ մտքեն չէր անցըներ, որ կրնան ծաղրել զինքը. ամենեն անակնկալ ու անհավատալի լուրն անգամ չէր կրնար մերժվիլ իր պարզ ու դյուրախաբ սրտեն. այնպես որ, երբ օր մը, իր հարուստ աշակերտուհիներէն մեկը, Զարուհին, իր սրտին ազնվությունը գովեց, այս պարզ խոսքը սիրո հայտարարության մը պես հուզեց զինքը. այս աղջկան նայվածքը իր հոգվույն խորը կը թափանցեր հիմա և հրապուրիչ կնոջ խռովանքը կը ձգեր հոն: Այդ օրը դաշնակի դասին մեջ շփոթեցավ. տիեզները [1] ու պեմոլները [2] ոստոստեցին ձայնագրության տետրակին վրա, ինչպես որ բոլոր տունը ու բոլոր աշխարհք ալ այս պահուս կը դառնար, հիմար երջանկության մը խոլ հոլովումովը միակ լուսավոր ու կայուն կեդրոնի մը շուրջը, այս աղջկան։ Տանը մեջ՝ անոր վրդոված դեմքը տեսնելով զվարճացան. ինչպե՞ս ասանկ մէկ բառով սիրահար կը դառնար այս տղան:
Փերայեն, այդ տունեն, դարձավ խռոված մինչև իր սրտին խոր հատակը. բոլոր գիշերը չքնացավ. բանաստեղծ մըն էր այս տղան ու իր լքված ամուրիի սենյակին մեջ ոտանավոր գրելով անցուց գիշերը։
Այն ատեն խաղը բոլորովին զվարճալի հանգա