Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ա.

Ֆուրթունան իմ դրացիս էր Քանտիլլի բնակած տարիս. հին ու փտած մակույկը, որուն մեջ կը թիավարեր օրն ի բուն, գիշերները մեր քովի ծովեզերքը կը պահեր:

Մարդ ու մարդասանք չուներ․ ընկեցիկ մեկն էր գեղին մեջ. ամառը՝ բաց օդին ու ձմեռը՝ հաստ պատի մը կողին մեջ բացված պատուհանաձև խորշը կը քնանար ամեն իրիկուն, երբ գինետունեն, օրվան վաստակը վճարելե ետքը, դուրս ընէին զինքը. առանց տրտնջալու, խանութպանին անվիճելի իրավունքը ճանչցողի մը պես կը հնազանդեր, դիմացինը ամչցնելով գրեթե իրեն դեմ ցույց տրված խստությանը համար, ու պատե պատ, քարե քար զարնվելով, իր տեղը, իր ողորմելի խշտյակը կը գտներ միշտ:

Օղին իր միակ մոլությունն էր, իր միակ ըմբռնումը կյանքի, իր միակ իմաստասիրությունը. որքա՞ն ատենե ի վեր կը խմեր այս մարդը, ոչ ոք պիտի կրնար ճշտիվ զուրցել. բայց իր կարմրած ու թմթռկած [1] այտերեն, իր միշտ կիսափակ ու նվաղած աչքերեն, իր երերուն ու օրորվող քալվածքեն դատելով, որուն մեջ հավիտենական գինովը ու ծովի վրա մեծցող նավաստին իրար կ՚ամբողջացնեին, նոր բան մը ըլլալու չէր: Հագուստ չունէր. իր գրգլյակը [2] մարած, նվաղած, մեռած երանգներու խառնուրդ մըն էր, աղքատության ծիրանի գոտին, զոր Նևտոն չէր գտած դեռ: Անհամար կարկտաններու հակառակ՝ արմունկները դուրսն էին միշտ, և չգոցվող կուրծքեն, լանջը՝ ուռած, կախված գորշ մսակույտ մը՝ աչքի կը զարներ, արգահատանք կը հրավիրեր այն մարդուն վրա:

  1. թմթռկել - թառամել
  2. գրգլյակ - քրքրված՝ պատառոտված հագուստ, ցնցոտի