Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Բ.

Ատենով էն վայելչասեր նավավարն էր, մեկը անոնցմե, որոնք անգիտակից արվեստագետի մը ճաշակը ցույց կուտան իրենց ռամիկ գործին մեջն ալ. անարատ պյուրինճիկ շապիկով, կապույտ թավիշե պզտիկ բաճկոնակով, ձյունսպիտակ մաքուր շալվարով կը պտտեր միշտ, իր նավակը, նուրբ հյուծախտավոր տոհմիկ աղջկան մը նրբությամբ, սրընթաց նետի մը աշխույժը ուներ, կը դողար, կը գուրգուրար այս նավակին վրա, կը շոյեր, կը սիրեր զայն զավկի մը պես. հաճախորդները կը գանգատեին այն չափազանց զգուշութենեն, զոր իրենցմե նավավարը կը պահանջեր, կոխած կամ նստած ատեննին. ինքզինքը կ'արդարացներ. գիտեր, որ մեյ մըն ալ ասանկ ձևավոր նավակ մը չպիտի կրնար շինել տալ: Ո՛չ. ասիկա մասնավոր շնորհք մը ուներ, անբացատրելի բան մը. իր տեսակին կատարելությունն էր. օր չէր ըլլար, որ տախտակները չսրբեր, արույրե [1] կազմածքը չմաքրեր, չփայլեցներ ոսկիի պես:

Գեշ օղերուն, անձրևին, ծովը չէր իջեցներ. ագահի մը՝ հարստության համար ունեցած սերը ու տառապանքը ուներ ինքն ալ:

Այն ատեն երիտասարդ մըն էր. նշանված էր ու պիտի ամուսնանար, երևակայեցեք նավավար Էտմոն Տանթես մը:

Գ.

Ամառ օր մը, Պեշիկթաշի առջև փոթորիկի բռնվեցավ. հանկարծուստ պայթող մրրիկ մըն էր, սև թաթառի մը պես խոյանալով իր վրա: Միս մինակ էր ծովուն բացը. իր անձին չմտածեց այնքան, որքան իր խեղճ նավակին. շփոթեցավ, կորսվեցավ. ու երբ ողո

  1. արույր - պղնձի համաձուլվածք. այստեղ՝ փխբ. արույրի պես ամուր