Զեղունին ապակյա լուսամուտեն, նրբանցքներուն վրա բացվող պզտիկ պատուհաններեն, առտվան լույսը թատրոնեն ներս կը սպրդեր, - ցրտին ու դողահար լույս մը, դուրսը տեղացող ձյունին սպիտակ ցոլացումը գոգցես[1], որ սրահին շիկորակ լույսերուն քով՝ կը տժգուներ, կը մարեր:
Ներսը կը պարեին, երաժշտության ոգևոր շեշտերեն մղված, հորձեռանդն[2] ու տենդահույզ, ուշադրություն չընելով այս կանխահաս առտվան, ու սրահին տաք ու աղմկալից մթնոլորտին մեջ երկարելով այս ձմեռ գիշերվան զբոսանքն ու հաճույքը:
Երեսները ա՛լ կը բացվեին. առջի զգուշությունը՝ սևաթույր կամ վարդերանգ մետաքսե դիմակներուն հետ մեկդի կը նետեին ամենքը, այս պահուս մտերիմ դարձած իրարու: Կես գիշերեն ի վեր անընդհատ տևվող պարերուն հարուցած փոշին, այրերու սև զգեստներուն ու ձյունաթույր փողկապներուն, կիներու արդուզարդին և նուրբ շպարին վրա կը տեսնվեր:
Հոգնած, հուլացած[3], դեռ կը շարժեին, հանդարտելու մոտ եղող ծովի մը վերջին կոհակներուն պես: Քիչ-քիչ, առտվան լույսը կը զորանար, անկյուններուն ու անցքերուն մեջեն մթությունը կը վաներ, ու սրահին մեջ կը սկսեր տարածվիլ՝ իր շլացուցիչ ճերմակությամբը շեշտելով կազերուն դեղին ցոլքը:
Եվ ակամա կը ձգեին պարասրահը. տակավ առ տակավ բազմությունը կը պակսեր. կը մեկնեին խումբ–խումբ, դրան մոտ հավաքված, պատմուճակեն[4] ետ առնելով ցուրտին դեմ պատսպարվելու համար բերած զգեստնին զույգ-զույգ, թև թևի կ’ելլեին դուրս,