Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձյունին անբիծ ու միապաղաղ մակարդակը կոխոտելով կը հեռանային, այրերը իրենց վերարկուին օձիքը վեր առած, կիները դիպակե մեկնոցներուն մեջ փաթթված, իրենց հետ տանելով երաժշտության եղանակներուն արձագանքը, մինչդեռ դրացի տուներու պատուհաններեն՝ կանուխ արթնցող հետաքրքիրներ թմթռկած աչվըներով կը դիտեին ձյունին անշարժ ծածկույթին վրայեն սահող այս ստվերները:

Քիչ մը վերջը ոչ ոք կը մնար պարողներեն, թատրոնին լույսերը կը մարեին, և երաժիշտները իրենց կարգին կը մեկնեին, գործիքներնին լաթի ծածկոցներու մեջ փաթթած թևերնուն տակ, պարասրահը իր սովորական կես-խավարին ու լուռ անդորրությանը հանձնելով:

Բ.

Ինքը վերջին մեկնողներեն մեկն էր պարահանդեսին. ամայի ու անձայն փողոցին մեջ կը քալեր, երկար ու կոճկված փալթոին տակ պահելով իր պարողի սև զգեստները, շապիկին բաց կուրծքը, որ հիմա այս լուր օրին ու ցրտագին առտվան չէր հարմարեր բնավ:

Առջի գիշերվան լույսերու փողփողումներեն, օթյակներուն մերկ ուսերեն ու շպարված դեմքերեն, սրահին խոսակցությանց և երաժշտության ձայներուն թոհուբոհեն տարօրինակ խառնուրդ մը իր հոգնած երևակայության մեջ կը մնար ու կ’ընկերանար իրեն:

Ճամփուն վրա հազվադեպ անցորդները կը դիտեին այս դալուկ դեմքը և քնաշրջիկի[1] քալվածքը. ինքը կը շարունակեր ճամփան, ուղիղ փողոցի մը մեջեն, սառույցե սահուն քարահատակին վրա. տուն կը դառնար:

Եվ ամեն մեկ քայլափոխին՝ ոտքերուն տակ

  1. քնաշրջիկ - քնաշրջությամբ հիվանդ, լուսնոտ, քնաշրջիկին հատուկ