Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը կ’ունենար, երիտասարդը իր ճաշակովը հագվեցնելու կ’ելլեր, հրահանգներ կու տար զգեստներուն համար, փողկապի ու շապիկի համար Քեոնի վաճառատունը կը հանձնարարեր, և ութ օր վերջը երիտասարդը կուգար իր նոր հագուստներով, զորս վայելչապես կը կրեր, և որոնց համար, ատենով Քռետի Լիոնեի քով ձգած ստակեն՝ շունչ ու կյանք սպասելով հավաքած դրամեն՝ մաս մը ետ առնելու ստիպված էր:

Երբեմն տիկինը թատրոն կ’երթար և կը փափագեր, որ հոն գտնվեր ինքն ալ. կը հնազանդեր, ու այսպես քիչ-քիչ կը պարտավորվեր հանձնառու ըլլալ այն անվերջ ծախքերուն, որոնք այս կերպ կյանքի մը պետք են. իր գավառացիի խնայող սովորությունը կը բողոքեր այս ընթացքին դեմ. դրամի ու կնոջ սերը կը մաքառեին իր մտքին մեջ. կամաց-կամաց թողած էր իր բոլոր դասերը. սիրո ժամադրություններուն պատճառով ոչ մեկ տեղ կրցած էր կանոնավորապես շարունակել իր պաշտոնը. հոգը չէր. տիկին Հովսեփյանի մեկ ժպիտը, մեկ ձեռքի սեղմումը կը փոխարիներ այս կորուստը. բայց Քռետի Լիոնեի ստակը կը հատներ ծաղկեփունջներու ու պզտիկ նվերներու հատկանալով, վասնզի հիմա գիտեր այս աշխարհիկ սովորությունները. միայն թե այս ամենուն եզրակացությունը կ’ուշանար և տիկին Հովսեփյան կը ձանձրանար:

Զ.

Սիրո համար ձանձրույթե ավելի մահացու բան չկա. տիկին Հովսեփյան հուսաց, սպասեց, բայց վերջապես ձանձրացավ, մինչդեռ երիտասարդը իր սիրո մոլեգին ու անհագուրդ ցանկությամբ կը տառապեր. երբեք պատշաճ առիթ մը չկրցավ գտնել ոչ իսկ համբույր մը առնելու այն սիրատենչ շրթունքներեն:

Հետո ստակի նեղությունը՝ իր հեռավորությունը ու ստորնությունը եկավ հիշեցնել. այս վիհը, անհատակ ու ահարկու, երևցավ իր սարսափած աչքին. հիմա ա՛լ ոչ դաս կար և ոչ ստակ. շաբաթ մը առաջ իր