Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջին դրամը առած էր պանքայեն. պարտքեր ըրած էր, ինքը, որ ամեն ամիս տասը փարա պարտական մնալ չէր գիտեր, ո՞ւր գացեր էին իր դրամները, սենյակին մեջ ձեռնոցներուն տուփը աչքին դպավ՝ գույնզգույն հավաքածոյով. ու իր գավառացիի լուրջ միտքը արթնցավ: Չհամարձակվեցավ ապագայի վրա խորհիլ. իրեն սփոփանք մը կը մնար, տիկին Հովսեփյանը՝ իր անձնվեր ու հավատարիմ կնոջ սիրովը, և սակայն, իր անկման և աղքատության մեջ, ա՛լ չպիտի կարենար ներկայանալ անոր տունը, և հեռվեն միայն, ուրիշներու հետ պտտած, ժպտած ատեն պիտի կարենար տեսնել Նարդիկը, ինչպես պարահանդեսի գիշերը դիտած էր անկյուն մը քաշված:

Այս մտածումներուն մեջ իր աղքատիկ սենյակը չարաշուք գույն մը ստացավ, անձնասպանության գաղափարը փայլակի մը պես անցավ իր մտքին մեջեն:

Այն գիշեր դուրս չելավ իր սովորությանը հակառակ ու մինակը իր կյանքին հաշիվը փնտրեց. գավառը, Պոլիս գալը, պանդուխտ դպրոցականի կյանքը, դասատուի նվաստ անցյալը, բոլորը ողբալի պատկեր մը կը կազմեին, և այս ամենուն վրա արև մը կը ծագեր լուսավոր, պայծառ, կնոջ մը ակնարկը, որ իր բոլոր թշվառությունները համակրելի կը դարձներ, կես գիշեր էր. հագվեցավ առանց գիտնալու ինչ ընելիքը, դուրս ելավ փողոցը, որ կողմ երթալիքը չգիտնալով: Մեծ փողոցին մեջ ուշադրության արժանի բան մը չգտավ, և գիշերը՝ մութին կը թափառեր աննպատակ, երբ հանկարծ ծանոթ տան մը առջև տեսավ ինքզինքը. Հովսեփյաններու տունն էր, լույս կար, բազմություն կար, խնդալու ձայները մինչև փողոց կը հասնեին:

Է.

Միացյալ Ընկերությանց Տնօրեն խորհուրդին կ’անդամակցեի. կարող պաշտոնյաներ կը փնտրեինք մեր լուսավորության գործին ծառայելու, անձնազոհ ու համեստ մարդեր, որոնք իրենց միտքն ու հոգին